Նախօրեին Հյուսիսային պողոտայում «Հրապարակի» թղթակիցը Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին հարցրել է, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ ոստիկանապետ դառնալու իր շանսերը, քանի որ վերջերս տեղեկություն տարածվեց, թե վարչական շրջանների ղեկավարներին ասել էր` իրեն դիմեն «պարոն ոստիկանապետով»: «Էստեղ կանգնած բոլորս էլ ոստիկնապետ ենք»,-իր շուրջ եղած տարածքային ոստիկանապետերին նկատի ունենալով` ասել է  Ներսիկ Նազարյանը` շարունակելով. «Ես Երեւան քաղաքի ոստիկանապետն եմ: Նա Արաբկիրի ոստիկանության պետն է: Ալիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետն է: Նախ` ես նման բան չեմ ասել, իմ լեքսիկոնի մեջ չի մտնում` «ինձ ասեք ոստիկանապետ»: Չկա տենց բան»:

Հարցին, թե այդ դեպքում Ձեզ ինչպե՞ս են դիմում, Նազարյանը հայտարարել է. «պարոն Նազարյան, Ներսես Հենրիկի: Ես առաջին անգամ եմ լսում, որ մեկը գա, ինձ դիմի` ոստիկանապետ: Էսքան ժամանակ դեպք չի եղել»: Թերթի թղթակիցը հետաքրքրվել է նաեւ, թե ի վերջո Նազարյանը չի՞ ուզում ՀՀ ոստիկանապետ դառնալ: «Դա ես չեմ որոշում: Ես հիմա Երեւանի ոստիկանապետն եմ: Ինձ շատ ա դուր գալիս իմ աշխատանքը: Ես շատ բան ունեմ էստեղ անելու»,-ասել է Նազարյանը: