Իշխանությունները բարի կամք ցուցաբերեցին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին թույլ տալով մտնել Ազատության հրապարակ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 19-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ սխալ է «Ազատության հրապարակը նվաճեցին» արտահայտությունը, քանի որ «նվաճում են, երբ դիմադրություն կա, հակադրվել կա»։
«Այդպես չի եղել, մարդիկ ցանկություն են հայտնել գնալ Ազատության հրապարակ եւ գնացել են»,- նշեց Մինասյանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ իշխանությունների այդ որոշման վրա Հայաստանում գտնվող եվրոպացի պաշտոնյաները, մասնավորապես` ՀՀ հարցով համազեկուցողները ոչ մի կերպ չեն ազդել։ ՀՀԿ-ական պատգամավորը իշխանությունների բարի կամքի դրսեւորում համարեց նաեւ մարտի 17-ին քաղբանտարկյալներից երկուսին ազատ արձակելու որոշումը, որն, ըստ Մինասյանի, ինքնանպատակ չէր:
Նշենք, որ երբ մարտի 17-ին ընդդիմության կողմնակիցները երթով մոտեցել էին Ազատության հրապարակին, ոստիկանական ուժերը փակել էին այն եւ թույլ չէին տալիս մտնել հրապարակ: Միայն ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի բանակցություններից հետո հրապարակը բացվեց:




























