ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովում իր գլխավոր առաջնահերթությունն է համարում առեւտուրը, մինչդեռ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է աճող հովանավորչությունից, իսկ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Ռուսաստանը պաշտպանում են բազմակողմանի առեւտրի կանոնները, փոխանցում է Reuters-ը:
Թրամփը, որը կուլուարներում համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ճապոնիայի եւ Հնդկաստանի վարչապետներ Սինձո Աբեի եւ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումների շարք է անցկացնում, ասել է, որ ինքը ԱՄՆ առեւտրային հեռանկարների բարելավում է տեսնում մի քանի օր անց այն բանից հետո, երբ քննադատել է ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ անվտանգության մասին համաձայնագիրը եւ պահանջել, որ Նյու Դելին հետ կանչի պատասխան մաքսատուրքերը:
«Կարծում եմ՝ մենք մի քանի կարեւոր հայտարարություններ կանենք: Մենք Հնդկաստանի հետ շատ մեծ բաներ կանենք առեւտրի տեսանկյունից, արտադրության տեսանկյունից»,- ասել է Թրամփը Հնդկաստանի վարչապետի հետ բանակցությունների մեկնարկին:
Թրամփը, որը պետք է հանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, փորձել է իր հանդիպումների ժամանակ քննարկել նաեւ ԱՄՆ մտահոգությունը չինական Huawei հեռահաղորդակցային սարքավորումների արտադրողի վերաբերյալ:
Վաշինգտոնը ճնշում է գործադրել իր դաշնակիցների վրա, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով նրանք Huawei-ից խուսափեն 5G ցանցեր ստեղծելիս:
Օրվա ընթացքում ասիական բաժնետոմսերը գնանկում են ունեցել աճող կասկածների ֆոնին, որ Թրամփի եւ Սիի երկար սպասված հանդիպումը կթուլացնի առեւտրային լարվածությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերությունները բարդ են եւ նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը:
Սին նաեւ նախազգուշացրել է հովանավորչական քայլերի մասին, որոնք, նրա խոսքով, ձեռնարկում են որոշ զարգացած երկրներ: «Այս ամենը կործանում է գլոբալ առեւտրային կարգը... Սա նաեւ շոշափում է մեր երկրների ընդհանուր շահերը, ամբողջ աշխարհում ստվեր է նետում խաղաղության եւ կայունության վրա»,- G20-ի հանդիպումների կուլուարներում ասել է նա ԲՐԻԿՍ երկրների առաջնորդներին:





























