ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության եւ Շարժայի Էմիրության միջեւ նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Շարժայի պատվիրակությանը, ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ջերմ, բարեկամական հարաբերություններ ունի:

«Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում ու ուղղություններով։ Վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են ընթանում կրթության եւ գիտության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ, իսկ մշակույթում եւ սպորտում գործակցության հեռանկարները նույնպես խոստումնալից են»,-նշել է նախարարը։

Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին իր հերթին նշել է, որ Շարժան համարվում է մշակույթի եւ կրթության կենտրոն:

«Այսօր Շարժան ուսանողների քանակով ամենամեծ էմիրությունն է։ Մենք աշխատում ենք Շարժան՝ որպես նորարարությունների կենտրոն զարգացնելու ուղղությամբ, մեծ ներդրումներ են արվում այդ ոլորտում, եւ Հայաստանի հետ փորձի փոխանակման լայն հնարավորություններ ենք տեսնում»,-ասել է Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայերենից արաբերեն եւ արաբերենից հայերեն գրքերի թարգմանության հնարավորությունները։ Համագործակցության մյուս ուղղությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործում համատեղ աշխատանքի իրականացումն է թե՛ մասնագետների փոխանակման ծրագրերի, թե՛ միջազգային կազմակերպություններում համագործակցության միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում, մասնավորապես Մատենադարանում, արաբական մշակույթի վերաբերյալ լուրջ գիտելիք կա կուտակված, եւ հայկական կողմը պատրաստ է թվայնացնել այդ գիտելիքն ու փոխանցել արաբ մասնագետներին՝ ուսումնասիրությունների նպատակով։

Հանդիպման ընթացքում նախարարը հիշատակել է Երեւանի պետական համալսարանում գործող Արաբագիտության ամբիոնի մասին՝ ընդգծելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարելի է ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելում են հայ ուսանողներն արաբերենի իրենց գիտելիքները խորացնելու նպատակով։ Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին, իր հերթին, նույնպես կարեւորել է Հայաստանում արաբերենի ուսուցանումը՝ նշելով, որ պատրաստ են այս հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին։