Եմենի մայրաքաղաք Սանա տանկեր են մտցվել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Քաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ հավաքվում են ընդդիմադիրները, տեղակայված է առաջին զրահատանկային դիվիզիան: Տանկեր կան նաեւ նախագահական պալատի, Եմենի կենտրոնական բանկի եւ պաշտպանության նախարարության մոտ:
Եմենի իշխանությունների եւ ընդդիմադիրների դիմակայությունը սրվեց, երբ մարտի 18-ին զոհվեցին ընդդիմության ցույցի 50 մասնակիցներ: Ցուցարարները սպանության պատասխանատվությունը դրել են նախագահ Սալեհի վրա:
Այսօր` մարտի 21-ին գեներալ Ալ-Ահմարը հայտարարել է ընդդիմության կողմն անցնելու մասին: «Ալ-Ջազիրայի» տվյալներով, Սալեհն իմացել է գեներալի մտադրության մասին եւ հուսով է, որ նա իրեն հնարավորություն կտա լքել իշխանությունն ու փախչել երկրից:





























