ԱՄՆ մայրաքաղաքում հուլիսի 4-ին մարտական տանկեր կցուցադրվեն ԱՄՆ Անկախության օրվա շրջանակում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հիանալի հուլիսի 4 կունենանք Վաշինգտոնում։ Այն առանձնահատուկ կլինի։ (Քաղաքում) մի քանի տանկ կտեղակայվի»,- լրագրողներին ասել է նա Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։ Հեռարձակումը վարել է Սի սփեն հեռուստաալիքը։
ԱՄՆ աշխատակազմի ղեկավարի խոսքով, որպեսզի ճանապարհածածկը չվնասվի, տանկերը կտեղադրվեն «որոշակի տեղերում»՝ չճշտելով, թե հատկապես որտեղ։ Թրամփը նաեւ ավելացրել է, որ մայրաքաղաքում այդ օրը կթռչեն ինքնաթիռներ, այդ թվում՝ «լավագույն կործանիչներն աշխարհում»։
The Washington Post թերթի տվյալներով՝ նախագահը ցանկություն է հայտնել, որպեսզի Անկախության օրը մայրաքաղաքում ցուցադրվեն «Աբրամս» տանկերը եւ անցկացվեն հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ցուցադրական թռիչքներ։ Ռազմական տեխնիկայի կիրառումը կարող է իշխանությունների վրա խոշոր գումար նստել, նշել է պարբերականը՝ ասելով, որ F-35-ի թռիչքի մեկ ժամը 30 հազար դոլար կարժենա։
Թրամփը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի հունվարի 20-ից, արդեն մի քանի անգամ հայտարարել է Վաշինգտոնում Անկախության օրը նշելու մտադրության մասին՝ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ, ինչն ամեն տարի իրականացվում է հուլիսի 14-ին Փարիզում, Ելիսեյան դաշտերում։ Սակայն մայրաքաղաքի քաղաքապետարանը սվիններով է ընդունել Թրամփի նախաձեռնությունը՝ դա հիմնավորելով ֆինանսական միջոցների բացակայությամբ։ Վերջին անգամ զինվորական շքերթ Վաշինգտոնում անցկացվել է 1991-ին՝ ի պատիվ Պարսից ծոցում պատերազմի հաղթանակի։
Հուլիսի 4-ին ԱՄՆ բնակիչները 234-րդ անգամ նշելու են գլխավոր ազգային տոնը՝ Անկախության օրը՝ նվիրված 1776-ին բրիտանական տիրապետությունից երկրի ազատագրման հռչակագրի ընդունմանը։ Շատ ամերիկացիներ այդ օրը հանդերձավորվում են ազգային դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ եւ կարմիր, իսկ տներն ու փողոցները երփներանգվում են ԱՄՆ դրոշներով։ Ամենազանգվածային տոնակատարությունները, ավանդույթի համաձայն, տեղի են ունենում Նյու Յորքում, Իսթ Ռիվերի ափին, որտեղ գեղեցիկ հրավառությանը երեկոյան հետեւում են միլիոնավոր մարդիկ։ Ամերիկացիներն ամենից հաճախ Անկախության օրը նշում են բաց օդում՝ ընկերների հետ բացօթյա զբոսախնջույքներ կազմակերպելով։





























