ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հարցազրույցը NEWS.am-ին:

ԵԱՀԿ-ն Հայաստանում հիմնականում ընկալվում է որպես հակամարտությունները կարգավորող քաղաքական մարմին: Սակայն դուք շատ հաճախ հանդես եք գալիս տնտեսական կամ բնապահպանական քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով ու առաջարկություններով: Արդյոք նմանատիպ հայտարարություններն ու առաջարկությունները ԵԱՀԿ առաքելության մա՞սն են կազմում, թե՞ ձեր անձնական դիրքորոշումն եք արտահայտում:

ԵԱՀԿ -ն բացառիկ միջազգային կազմակերպություն է: Այն զբաղվում է անվտանգության խնդիրներով համակարգային եղանակով` գործ ունենալով հակամարտությունների ինչպես վաղ ազդարարման ու կանխարգելման, այնպես էլ ճգնաժամերի  կառավարման եւ հետկոնֆլիկտային վերականգնման hետ: ԵԱՀԿ-ն մշակել է միջազգային անվտանգության յուրահատուկ պատկերացում, որը ներառում է երեք ուղղություններ` ռազմա-քաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդկային: Դրանք բոլորը հավասարազոր են:

ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական ուղղությունը համարվում է դասական եւ, ցավոք, հասարակության կողմից դեռեւս ընկալվում է որպես կազմակերպության ներգրավվածության հիմնական ոլորտ: Դա ամենեւին էլ այդպես չէ: Իր հիմնադրման պահից ի վեր` ԵԱՀԿ-ն բնապահպանական հարցերը դիտարկել է որպես անվտանգության առանցքային բաղադրիչ: Շրջակա միջավայրի անդրսահմանային խնդիրները հանդիսանում են քաղաքական լարվածության եւ նույնիսկ պետությունների միջեւ հակամարտությունների հավանական պատճառներից մեկը: ԵԱՀԿ-ն նաեւ լուծում է խնդիրներ` ուղղված երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանմանը, այդ համագործակցության «ընդհանուր հատկանիշների» ձեւավորմանը եւ տնտեսական կարգավորման ու կառավարման համապատասխան փորձի տարածմանը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես ես արդեն բազմիցս նշել եմ, աջակցում է պետությանը իրականացնել համակարգային բարեփոխումներ, որոնք ուղղված են նոր ինստիտուտների ձեւավորմանը եւ գոյություն ունեցողների կատարելագործմանը, որոնք կնպաստեն երկրում գործարար միջավայրի բարելավմանը ու ձեռներեցության ակտիվության բարձրացմանը: Տեւական անվտանգությունն անհնար է առանց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության. այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ն աշխատում է այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են պայքարը մարդկանց թրաֆիկինգի դեմ, ընտրությունների անցկացումը, փոքրամասնությունների, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունը եւ այլն:

Մասնագետները արձանագրել են ձեր քննադատությունը Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Դուք իսկապե՞ս հեղափոխական լուծումների կողմնակից եք:

Որպես տնտեսագետ ես գնահատական եմ տալիս, սակայն ոչ թե տնտեսական քաղաքականությանը, այլ տնտեսական մոդելին, որը Հայաստանում ձեւավորվել է 90-ականներին եւ մինչ օրս գոյություն ունի: Ես արդեն ասել եմ, որ այն շատ ընդհանրություններ ունի լատինաամերիկյան դասական համակարգի հետ, որին բնորոշ են մենաշնորհները եւ ազդեցիկ ոչ ֆորմալ ինստիտուտները. այդ համակարգից կատարելապես առանձնացել ու արագ զարգանում են այդ մայրցամաքի միայն մի քանի երկրներ` առաջին հերթին Չիլին, Պերուն եւ Կոստա-Րիկան: Նրանց փորձը շատ առումներով ուսանելի պետք է լինի ժամանակին համընթաց քայլել ցանկացող պետությունների, այդ թվում ` Հայաստանի համար:

Կարծում եմ, որ համարձակ, ինչպես Դուք արտահայտվեցիք, հեղափոխական լուծումները անհրաժեշտ են, բայց միայն այն ժամանակ, երբ դա պահանջում է իրավիճակը եւ երբ պահպանվում է զարգացման էվոլյուցիոն տրամաբանական բաղադրիչը: Չի կարելի մոռանալ, որ հեղափոխական որոշումներն են շարժում գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը: Նրանք կարող են ապահովել պատմական առաջընթաց:

Ընդհանուր առմամբ, ես կողմ եմ էվոլյուցիոն զարգացմանը, այլ ոչ թե խնդիրների ու հակասությունների կուտակմանը, որոնք վաղ թե ուշ կհանգեցնեն սոցիալական պայթյունների: Հասարակության էվոլյուցիան` դա բարեփոխումներ են: Առանց բարեփոխումների, եւ հետեւաբար, համակարգային փոփոխությունների, առաջընթացը նույնիսկ պատմական միջին ժամանակահատվածի ընթացքում անհնարին է: Կարծում եմ, նրանք, ովքեր բարեփոխումները համարում են կոսմետիկ ընթացակարգեր, նպաստում են խնդիրների խորացմանը, դրանց կուտակմանը եւ սրմանը` իրանց հեշտ կանխատեսելի հետեւանքներով:

Կարծում եմ, որ բարեփոխումները Հայաստանում հնարավոր են, հասունացել են եւ կարող են բավականին մեծ հաջողությամբ պսակվել: Սակայն դրանց անհրաժեշտության, նպատակահարմարության, ձեւերի եւ չափերի մասին որոշում կարող է կայացնել միայն հայ ժողովուրդը: Միջազգային կազմակերպությունները կարող են միայն տալ խորհուրդներ եւ գնահատականներ, աջակցություն տրամադրել, որը երբեմն շատ կարեւոր է:

Վերջերս արված Ձեր հայտարարություններից մեկում դուք անդրադարձել եք օլիգոպոլիաների խնդրին: Ինչպե՞ս եք գնահատում մրցակցության պաշտպանության վերաբերյալ կառավարության վերջին օրենսդրական նախաձեռնությունները, դրանք բավարար համարում ե՞ք մրցակցությանը աջակցելու համար:

Բացահայտություններ չեմ անի: Օլիգոպոլիաներն առաջանում են այնտեղ, որտեղ տնտեսությունը մենաշնորհային է, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունները աննշան դեր ունեն, որտեղ եկամուտների բեւեռացման աստիճանը բարձր է: Մենաշնորհը եւ մրցակցությունը հակոտնյա են: Առանց մրցակցության, որը շուկայական տնտեսության հիմնարար ինստիտուտն է, ըստ Հեգելի` միասնության ու հակասությունների պայքարի, զարգացումն անհնար է:

Չէի ուզենա գնահատական տալ միայն մրցակցային միջավայրի զարգացման շուրջ ծավալվող ակտիվ գործողություններին, որոնք կայուն տնտեսական զարգացման համար օդի պես անհրաժեշտ են: ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է այս ուղղությամբ տարվող աշխատանքներին: Համոզված եմ, որ եթե դրանք լինեն վճռական, համակարգային եւ երկարաժամկետ, եթե դրանք ուղեկցվեն փոքր եւ միջին ձեռներեցությանը աջակցելու արդյունավետ քաղաքականությամբ, ֆիսկալ բարեփոխումներով, դատական համակարգի բարեփոխումներով եւ մի շարք այլ ոլորտների վերափոխումներով, հաջողությունն ապահովված կլինի:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածել է աշխարհի երկրների մեծ մասին, այդ թվում` բարձր զարգացած, արդյունավետ ազգային տնտեսություն ունեցողներին: Ընդհանուր միջազգային միտումների եւ գլոբալիզացիայի պայմաններում չի կարելի մոռանալ երկրների միջեւ զգալի տարբերությունների մասին` կապված զարգացման մակարդակների, կառուցվածքի, համաշխարհային առեւտրում ներգրավման աստիճանի եւ այլ հանգամանքների հետ: Տարբեր պետք է լինեն նաեւ ճգնաժամից դուրս գալու բաղադրատոմսերը: Թեթեւամիտ կլիներ կարճ հարցազրույցի ժամանակ բաղադրատոմսեր տալ: Դրանցից շատերը քաջ հայտնի են եւ հաջողությամբ իրականացվում են Հայաստանի էկոնոմիկայի պետական մարմինների կողմից: Պարզապես ուզում եմ նշել, որ կառավարության կողմից ճգնաժամից դուրս գալու նպատակով ձեռնարկված դրական նախաձեռնությունները, իմ կարծիքով, միայն այն ժամանակ կայուն երկարաժամկետ դրական ազդեցություն կունենան, երբ ուղեկցվեն պետական կառավարման համակարգի ժամանակի ոգուն եւ պահանջներին համապատասխանող բարեփոխումներով: Դրանց համար կարող է հիմք հանդիսանալ մի շարք երկրներում, ինչպես օրինակ` Հարավային Կորեայում, Վիետնամում, Մեքսիկայում եւ այլուր, ընդհանուր առմամբ հաջողությամբ պսակված պետական կարգավորման բարեփոխումները: Պետական կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը գիտակցում են շատ երկրներում, այդ թվում նաեւ զարգացած երկրներում: Կարգավորիչ բարեփոխումներն, օրինակ` անցկացվել են ԱՄՆ-ում եւ Իտալիայում:

Պետական արդյունավետ կառավարման համակարգը (անգլերենով` good governance, դա հաճախ աղավաղված է թարգմանվում) ներառում է բազմաթիվ բաղադրիչներ: Սա կառավարման համապատասխան կառուցվածքի, իրավական դաշտի ու իշխանությունների մյուս ճյուղերից առանձնացված արդյունավետ դատական համակարգի առկայությունն է: Սա նաեւ այս կամ այլ ոլորտում օպտիմալ լուծումների եւ քաղաքականության մշակման արդյունավետ տեխնոլոգիաների օգտագործումն է: Սա նաեւ կադրային արդյունավետ քաղաքականությունն է: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Կարծում եմ, որ վերը նշվածը բավարար է բուն էությունը հասկանալու համար: Պարզապես ուզում եմ նշել, որ կան պետական կառավարման համակարգի արդյունավետության տարբեր ցուցանիշներ: Ամենաարտահայտիչ ցուցանիշներից մեկն է կոռուպցիայի մակարդակն ու չափերը: Արդյունավետ կառավարումն ու կոռուպցիան տարբեր բեւեռներում են: Հայտնի են Հայաստանում կոռուպցիային տրված գնահատականները, որն իրականացվել է ՙԹրանսփերենսի ինթերնեյշընլ՚ կազմակերպության կողմից: Բոլորն էլ ընդունում են խնդրի սրությունը: Սակայն դժվար թե այս սոցիալական չարիքը հնարավոր լինի հաղթահարել միայն ուժային մեթոդներով: Շատ ավելի արդյունավետ է դա անել` լուծելով ընդհանուր կառավարման խնդիրները:

ԵԱՀԿ-ն որեւէ առաքելություն իրականացնո՞ւմ է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիային աջակցելու ուղղությամբ:

ԵԱՀԿ-ի գործունեության Էությունը կարելի է ձեւակերպել կարճ` անվտանգություն համագործակցության միջոցով: Եթե խոսենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասին, ապա ըստ գործող մանդատի` այն կարող է օգնել ընդունող պետությանը` կազմակերպության տարածքում համագործակցություն ձեւավորելու եւ զարգացնելու համար: Տնտեսական ինտեգրումը, տարածքում համագործակցության գերագույն դրսեւորումն է: Դեռեւս վաղ է Անդրկովկասում այդ մասին խոսելու համար. հայտնի պատճառներով դեռեւս տարածաշրջանային համագործակցություն չկա նույնիսկ ստորին մակարդակում: Նշեմ, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության զարգացման օգտին: Մենք պաշտպանում ենք  այս դիրքորոշումը: Միայն վստահության միջոցների, փոխգործակցության տարբեր եղանակների միջոցով կարելի է ընդհանրապես նախադրյալներ ստեղծել հակամարտությունների եւ վիճելի հարցերի կարգավորման համար:

 

Զրուցեց Սամվել Ավագյանը