«Խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ մեկ տարի։ Իշխանությունը քափ քրտինքի մեջ համոզում է, թե լրջորեն վերամշակում է Ընտրական օրենսգիրքը, հանրային քննարկումներ կազմակերպում, խելոք գաղափարներ արտահայտում, կուտակված խնդիրների լուծման հավաստիացումներ անում։ Ընդդիմությունն էլ շարունակում է պնդել խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը։
Եվ այս պայմաններում Արմավիրում կազմակերպվեցին համայնքապետի հերթական ընտրություններ, որոնք դարձյալ ունեցան 1995 թվից սովորական դարձած խայտառակ ընթացք։ Այս ընտրությունները նորից ապացուցեցին, որ իշխանությունը արդար ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Արմավիրի ընտրությունները խոսքը գործով ապացուցելու հիանալի առիթ էր։ Սակայն այս հնարավորությունը եւս բաց թողնվեց։ Ընդդիմությունն էլ հայտարարում է ընտրությունների միջոցով իրավիճակը փոխելու անհրաժեշտության մասին, բայց հանրահավաքային խանդավառությունը ընտրական մեխանիզմների վերածելու ուղղությամբ համարժեք քայլեր չի ձեռնարկում։ Իսկ դա երկարատեւ աշխատանք է պահանջելու։ Այս ընթացքը ոչ մի հույս չի ներշնչում, որ մեկ տարուց մենք կունենանք նորմալ ընտրություն եւ, որ ավելի կարեւոր է, քաղաքակիրթ հետընտրական գործընթաց»,-իր խմբագրականում գրում է «Երկիրը»։





























