Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների 2-րդ օրը, մարտի 22-ին, Երեւանի «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կգումարվի ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստը:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում են  մի շարք կարեւոր խնդիրներ, այդ թվում` հեռահաղորդակցության եւ  ավիափոխադրումների ոլորտներում եւ մանրածախ առեւտրի շուկայում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների համատեղ ուսումնասիրությունները, կներկայացվեն նաեւ ԱՊՀ անդամ երկրներում էներգետիկայի ոլորտում մրցակցային իրավիճակի մասին զեկույցի մշակման արդյունքները:

Հայկական կողմի համար Շտաբում քննարկվելիք հարցերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հեռահաղորդակցության շուկայում խախտումների համատեղ ուսումնասիրման ենթախմբերի աշխատանքներին մասնակցելու նպատակով հրավիրվել են Հայաստանում տվյալ եւ, հատկապես, բջջային կապի ոլորտում գործող բոլոր երեք ընկերությունները` համատեղ լուծման ենթակա հիմնահարցերը հանգամանորեն ներկայացնելու եւ դրանց լուծման ուղիներն առաջարկելու համար: