ԱՄՆ-ը մոտ ապագայում մտադիր է կրճատել իր մասնակցությունը լիբիական գործողությանը, «Ինտերֆաքսին» հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ով այցով գտվում է Պետերբուրգում:

«Գործողության առաջին օրերին մենք իսկապես կարեւոր դեր ենք խաղացել, սակայն շատ շուտով այդ դերը փոխվեց, եւ այժմ արդեն մյուս երկրներն են կրում Լիբիայի օդային տարածքը փակելու բեռը»,- ասել է Գեյթսը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ հստակ ասել է, թե չի ցանկանում, որ ամերիկյան զինված ուժերը գտնվեն լիբիական հողում:

Պենտագոնի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Մուամար Քադաֆիի ոչնչացումը արեւմտյան կոալիցիայի ուժերով սխալ կլիներ, ԱՄՆ-ի վերջնական նպատակը Քադաֆիի հեռացումն է:

Արեւմտյան երկրների եւ Քաթարի ու ԱՄԷ-ի ռազմական արշավանքը Քադաֆիի դեմ սկսվել է մարտի 20-ի գիշերը: Հատուկ գործողության արդյունքում մի քանի ավիահարված է իրականացվել, նաեւ հրթիռային գնդակոծումներ: Արդյունքում լրջորեն վնասվել է Լիբիայի Հակաօդային պաշտպանության համակարգը:

Դաշնակիցները գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 17-ին ընդունած բանաձեւի հիման վրա: Փաստաթղթով փակ է հռչակվել Լիբիայի օդային տարածքը: Ռազմական գործողությունների ակտիվ փուլը սկսվել է, երբ Քադաֆիի ուժերը խախտել են իրենց իսկ հռչակած հրադադարը: