Լոս Անջելեսում մարտի 19-20-ին, Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցել են ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրել են  աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքում ցուցահանդեսը դիտելու են եկել տասնյակ հազարավոր այցելուներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանն ու Արցախը ներկայացել են միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանել են Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվել են տեղեկատվական գրքույկներ:

LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշել է, որ, ինչպես անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:

Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ է ունեցել «Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ» եւ «Զվարթնոց» պարային համույթների սաները: