Լիբիայում միջազգային ավիացիայի հարձակումների ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմական օդուժի ինքնաթիռ, պնդում է բրիտանական The Daily Telegraph-ը: Լիբիայի թղթակցի տվյալներով, աղետի է ենթարկվել մարտավարական F-15 Eagle կործանիչը:

Այդ տեղեկատվությունն առայժմ չի հաջողվել ճշտել ամերիկյան զինվորականներից, նշել է Reuters գործակալությունը:

Եթե տեղեկությունը հաստատվի, դա կլինի առաջին ինքնաթիռը, որ կորցրել են կոալիցիոն ուժերը «Արեւածագ ոդիսական» գործողության արդյունքում:

Բրիտանական պարբերականի տվյալներով, ինքնաթիռը կործանվել է գիշերը տեխնիկական անսարքությունների պատճառով: Օդաչուն հասցրել է կատապուլտվել եւ ահսնել ընդդիմադիրների մոտ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԱՄՆ-ը մոտ ապագայում մտադիր է կրճատել իր մասնակցությունը լիբիական գործողությանը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ասել է. «Գործողության առաջին օրերին մենք իսկապես կարեւոր դեր ենք խաղացել, սակայն շատ շուտով այդ դերը փոխվեց, եւ այժմ արդեն մյուս երկրներն են կրում Լիբիայի օդային տարածքը փակելու բեռը»,- ասել է Գեյթսը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ հստակ ասել է, թե չի ցանկանում, որ ամերիկյան զինված ուժերը գտնվեն լիբիական հողում:

Արեւմտյան երկրների եւ Քաթարի ու ԱՄԷ-ի ռազմական արշավանքը Քադաֆիի դեմ սկսվել է մարտի 20-ի գիշերը: Հատուկ գործողության արդյունքում մի քանի ավիահարված է իրականացվել, նաեւ հրթիռային գնդակոծումներ: Արդյունքում լրջրոն վնասվել է Լիբիայի ՀՕՊ համակարգը:

Դաշնակիցները գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 17-ին ընդունած բանաձեւի հիման վրա: Փաստաթղթով փակ է հռչակվել Լիբիայի օդային տարածքը: Ռազմական գործողությունների ակտիվ փուլը սկսվել է, երբ Քադաֆիի ուժերը խախտել են իրենց իսկ հռչակած հրադադարը: