Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, ով գերյալի կարգավիճակում հայտնվել է սեփական պալատում, պատրաստ է հրաժարական տալ մինչեւ տարեվերջ իշխանության սահմանադրական փոխանցման եղանակով, հայտարարել է նրա մամուլի քարտուղարը Associated Press-ին: Պետության ղեկավարի համապատասխան ծրագրերի մասին ծանուցվել են կառավարության անդամները, զինվորական ղեկավարությունը եւ ցեղախմբերի առաջնորդները:

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանափոխության դեպքում Սալեհը կարող է ապաստան գտնել Ռուսաստանում: Կամ էլ ապաստան կտան Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:

Եմենում ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս, ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահի հրաժարականը, ով արդեն 32 տարի զբաղեցնում է նախագահի պաշտոնը: