«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ կլինի, եթե իշխանությունները հարգեն Հայաստանի Օմբուդսմենի եզրակացությունը եւ թույլ տան վրան տեղադրել Ազատության հրապարակում: Այսօր՝ մարտի 22-ին Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեկ՝ իր հացադուլի 6-րդ օրն իրեն է այցելել օմբուդսմենը եւ ասել է, որ իրեն՝ որպես Հայաստանի քաղաքացու եւ հացադուլ հայտարարած անձի, կարող է վրան կամ հովանոց տրամադրվել։
«Նա ասաց, որ դա իմ իրավունքն է, հիմա սպասում ենք, որ ոստիկանության աշխատակիցները, համապատասխան հրահանգ ստանան եւ թույլտվություն ունենալուց հետո իրենք իրենց ձեռքով տեղադրեն այդ վրանը։ Սա ինձ համար չորրորդական հարց է, սա իմ խնդրանքը կամ պահանջը չէ։ Սա Հայաստանի իշխանության վերաբերմունքն է իր քաղաքացու հանդեպ։ Սա իրական դեմքի, վերաբերմունքի արտահայտություն է։ Եթե իշխանությունը ցանկանում է հարգել եւ ի կատար ածել ՄԻՊ-ի եզրակացությունը, միայն գոհ եւ շնորհակալ կլինենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը վերանայումների անհրաժեշտություն ունեն։ «Օրհասական, տագնապալի իրավիճակում ենք։ Առկա խնդիրների լուծումները հետաձգելով՝ հետաձգում ենք պայթյունը։ Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ բանի կարող ենք հասնել ինքնազոհողությունների գնով։ Կարծում եմ, սակայն, որ իշխանությունները դժվար կարողանան կուսակցական շահերը վեր դասել անձնականներից»,- տեսակետ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ ամեն օր իրեն այցելող բժիշկները վստահեցնում են, որ իր աողջական վիճակը լավ է։ «Հացադուլը շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ մարմինս ներում է»,- շեշտեց «Ժառանգության» ղեկավարը։
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարել էր փետրվարի 15-ից եւ այսօր լրանում է 7 օրը։





























