Վրացական ճանապարհաշինարարական ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանի ավտոճանապարհների շինարարական աշխատանքներին։ Համապատասխան հուշագիրը ձեւակերպվել է Վրաստանի ռեգիոնալ զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Ռամազ Նիկոլաշվիլիի՝ նախորդ շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Վրացական գերատեսչությունում հայտնել են, որ կազմակերպիչ-դոնորները մտադիր են ծանրակշիռ գումարներ ծախսել Հայաստանում ճանապարհներ կառուցելու վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւան կատարած այցի շրջանակներում Ռամազ Նիկոլաշվիլին մարտի 18-ին հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ։

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի հուշագրի ստորագրումից հետո վրացի նախարարը հայտնել էր, որ Վրաստանը մտադիր է Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստները Վրաստանը Հայաստանի հետ կապող ճանապարհին միացնել։