Հայաստանի խորհրդարանը, բացի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կոալիցիոն տարբերակից, քննարկել է Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացրած տարբերակը:
Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշել է, որ այն ենթադրում է խորհրդարանի 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորում, նաեւ ընտրական հանձնաժողովներում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների 50/50 համամասնություն:
Դաշնակցությունն առաջարկում է հրապարակել քվեամատյանները, նկարահանել քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացները: Փաստաթղթով առաջարկվում է գնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք ցույց կտան, թե որքան թերթիկ կա տուփում: Դաշնակցությունն առաջարկում է կանանց 30 տոկոս մասնակցություն ընտրացուցակներում:
Վահան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նախօրեին Վերահսկիչ պալատը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց հազարավոր մեռած թոշակառուներ տարիներ շարունակում թոշակներ են ստացել: «Ես վստահ եմ, որ տարիներով թոշակ ստացող «մեռած հոգիները» մասնակցել են նաեւ ընտրություններին»,- ասել է նա:





























