Հացադուլը քաղաքական գործիչների համար ընդունելի մեխանիզմ չէ, նաեւ անընդունելի է մարդասիրության տեսանկյունից: Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բադեյանի կարծիքով, հացադուլը այս կամ այն նպատակներին հասնելու միջոց չէ, հատկապես երբ հացադուլ անողը հնարավորություն ունի իր դժգոհությունը հայտնել ԱԺ ամբիոնից:

Բադեյանը նաեւ դրական ոչինչ չի տեսնում, որ «Ժառանգության» պատգամավորները չեն մասնակցում խորհրդարանի նիստերին:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե իշխանությունները գիշերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը. «Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ գիշեր նստած է եղել հորդ անձրեւի տակ, քանի որ ոստիկանությունը թույլ չի տվել անձրեւանոց տեղադրել: Այդ քայլը հստակ ցույց է տալիս իշխանությունների բարոյական եւ քաղաքական դեմքը»:

Ի պատասխան Բադեյանն ասել է, թե չգիտեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 8-րդ օրը հացադուլ է անում բաց երկնքի տակ, եւ ոստիկանությունը թույլ չի տալիս ծածկոց տեղադրել: «Ես հենց նոր իմացա այդ մասին... Ես դատապարտում եմ այդ փաստը: Ես հետաքրքրվել եմ իր վիճակով, սակայն չգիտեի, որ Հովհաննիսյանն ամբողջ գիշեր նստած է եղել անձրեւի տակ»,- ասել է Բադեյանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի