Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի մեկնաբանում, թե ինչ քայլ է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած ծոմապահությունը` քաղաքակա՞ն, թե՞ մեկ այլ բնույթի: 

«Եթե որեւէ մարդ ցանկանում է, որ հանրությունն ընկալի իր ակցիան որպես քաղաքական հացադուլ, ինչը շատ լուրջ բան է, ինքը ընդամենը մեկ մոգական ֆրազ պետք է արտասանի, ասի, որ ահա սա է իմ պահանջը, եւ ես իմ հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ որ այս պահանջը կատարվի»,-մարտի 23-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը աջակցություն հայտնի Րաֆֆի  Հովհաննիսյանին, քանի որ վերջինս հայտարարեց, որ իր հացադուլը քաղաքական ու քաղաքացիական ահազանգ է:

NEWS.am-ի ճշտմանը, թե Րաֆֆի  Հովհաննիսյանի ծոմապահությունը որպես ի՞նչ քայլ է դիտարկում  Զուրաբյանը, ՀԱԿ համակարգողն այսպես արձագանքեց. «Այդ հարցին արդեն պատասխանել է առաջին նախագահը, ես կարծում եմ, սպառիչ կերպով եւ համարում եմ թեման փակվեց»: Նա նույնպիսի պատասխան տվեց նաեւ այն հարցին, թե «արդյոք իրենք ծանոթացե՞լ են Հ. Մանդակունու ոխի եւ վրեժ լուծելու մասին դատողություններին, ինչը խորհուրդ էր տվել Րաֆֆի  Հովհաննիսյանը: «Ես արդեն պատասխանեցի` թեման փակված է»,-արձագանքեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մամուլում հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղված է ցուցադրական ծոմապահությամբ, ապա հավելել. «Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկըՀովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է  դասում եւ ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը  ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր այսպիսի օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչեւէ, եթե Րաֆֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»: