Արդեն երրորդ օրն է` խորհրդարանում ակտիվ քննարկումներ են ընթանում ընտրական օրենսգրքի երկու նախագծերի շուրջ:
Ինչպես նշել է ՀՅԴաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հայաստանում ընտրությունների անցկացման որակը, ցավոք, կախված չէ ընտրական օրենսդրությունից: «Օրինակ, ներկայիս ընտրական օրենսգիրքը ամենեւին չի նախատեսում մարդկանց ծեծ, կաշառատվություն, կարուսել քվեարկության ժամանակ, քվեաթերթիկների լցոնում: Բայց այդ ամենն անպատիժ տեղի է ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ»,- նշել է պատգամավորը եւ հավելել, որ արդար ընտրությունների համար հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել անգամ փոքր խախտումների համար:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ընդհանուր առմամբ, համաձայն է ՀՅԴ-ի տեսակետին, որ ԸՕ բարեփոխումները չեն հանգեցնի ընտրական գործընթացների որակական փոփոխության, բայց դեմ է արտահայտվել ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին: «Իսկ ինձ որեւէ մեկը հարցրե՞լ է արդյոք, թե ուզո՞ւմ եմ ես քվեարկել այդ ապարատների առջեւ»,- վրդովել է Սահակյանը:




























