Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այսօր՝ մարտի 23-ին Խաբարովսկի երկրամասի տնտեսագիտության եւ իրավունքի պետական ակադեմիայում հանդես է եկել դասախոսությամբ:

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսության ընթացքում դեսպանը բուհի դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս ասպեկտները, մասնավորապես՝ շեշտելով այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Նա ներկաներին պատմել է Հայաստանում ռուսական կապիտալի մասին, ինչն առանցքային դեր է խաղում քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծման հարցում:

Օլեգ Եսայանն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշմանը: Հանդիպման ավարտին նա պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Այսօր երեկոյան դեսպանը կուղեւորվի Վլադիվոստոկ, որտեղ նախատեսվում են դեսպանի հանդիպումները Մերձծովյան երկրամասի գուբերնատոր Ս.Դարկինի, ինչպես նաեւ երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վլադիվոստոկ այցը կնշանավորվի արցախյան ազատամարտի հերոս, ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչի մոր հետ հանդիպումով, որի ընթացքում ՀՀ նախագահի անունից զոհված հերոսի մորը կհանձնվի «Արիության» մեդալը:

Դմիտրի Մոտրիչի հերոսական անցյալի մասին արցախյան ազգային ազատամարտում մանրամասնորեն պատմում է Ա.Թովմասյանի «Կամավորը» վավերագրական ֆիլմը: