Հայաստանի ՊՆ-ում այսօր` մարտի 23-ին, քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ելույթով հանդես են եկել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ չնայած գործընթացն իրագործվել է ընդգծված գաղտնիության պայմաններում, սակայն այսօր կարող են հանրային իրազեկման փաստաթղթի միջոցով ՀՀ հասարակությանը, ինչպես նաեւ միջազգային հանրությանն իրազեկել ՀՀ պաշտպանության համակարգում իրականացված եւ պլանավորված մի շարք բարեփոխումների վերաբերյալ:
Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` նշելով, որ հանրային իրազեկման փաստաթուղթը, որտեղ նշված են ՀՀ ազգային անվտանգության բոլոր հնարավոր սպառնալիքները եւ դրանց չեզոքացման եղանակները, ցույց է տալիս, որ «պաշտպանության ռազմավարական վերանայումն ավարտելուց, դրա ընթացքում մշակված ու հաստատված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը համապատասխան միջոցներով ապահովելուց եւ կյանքի կոչվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կլինի առավել անվտանգ»:



























