Ստամբուլի կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերի հայտնաբերման մեխանիզմների, դրանց դեմ պայքարի մեխանիզմների սահմանմանը, ինչպես նաեւ բռնության կիրառման դեպքում կանանց իրավական օգնության ցուցաբերմանը: Այս մասին այսօր Facebook սոցցանցի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ Ստամբուլի կոնվենցիան չի ենթադրում միասեռական ամուսնությունների օրինականացում:

«Ծիծաղելի է նույնիսկ խոսել համասեռամոլների կողմից երեխաների որդեգրման իրավունքի ճանաչման մասին»,- նշել է Բադասյանը:    

Նախարարի խոսքով՝ կոնվենցիան չի ենթադրում երրորդ սեռի ստեղծում, քանի որ այնտեղ հստակ նշված են «սեռ» եւ «գենդեր» հասկացությունները:

Ընդ որում, նա նշել է, որ երկխոսություն է վարում Հայ Առաքելական եկեղեցու հետ, որին հետաքրքրում եւ մտահոգում են որոշ տերմինների բացատրություններ:

Բադասյանի պնդմամբ՝ տվյալ օրակարգը ոչ մի կերպ չի պարտադրվում Հայաստանին, քանի որ այն, ըստ էության, իր քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունն է եւ ուղղված է քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությանը: