Սերը եւ հավատարմությունը սեռավարակների կանխարգելման լավագույն միջոցներն են: Նման եզրակացության են հանգել «Մեդել» բժշկական կենտրոնի փորձագետ Կարեն Վարդանյանը եւ «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մեր ժողովրդի մենթալիտետը ենթադրում է տղամարդկանց մեծ ազատություն: Ուստի կինը, անգամ եթե նա հետեւում է իրեն, պարբերաբար այցելում է  բժշկի, երաշխավորված չէ վարակումից: Ամուսնական հավատարմությունը սեռավարակներից պաշտպանվելու լավագույն երաշխիքն է»,- ընդգծել է Ռուսուդան Վարդանյանը` հավելելով, որ տվյալ դեպքում խոսքը գնում է դասական սեռավարակների մասին, ինչպես սիֆիլիսն ու հոնորեան:

Համաձայնվելով գործընկերոջ հետ` Կարեն Վարդանյանը նկատել է, որ տվյալ դեպքում ռիսկի խումբը կազմում են հնագույն մասնագիտության քրմերն ու քրմուհիները, նաեւ նրանք, ովքեր չեն կասկածում, որ սեռավարակների կրողներ են:

Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների, հայաստանյան վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը: Որոշ հիվանդներ չգիտեն, որ հիվանդ են, մյուսները չեն դիմում բժշկի, երրորդներին սխալ ախտորոշում է տրվում:

Կարեն Վարդանյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով` 2003-ին Հայաստանում արձանագրվել է 24 հազար 407, 2004-ին` 28 հազար 931, 2005-ին` 30 հազար 690, 2006-ին` 34 հազար 209, 2007-ին` 36 հազար 170 սեռավարակակիր:  2008-ի վերաբերյալ կան տվյալներ միայն սիֆիլիսի (147) եւ հոնորեայի (569) մասին: Վերջին տարիների տվյալները փորձագետները չունեին:

Շրջանցելով մի շարք սոցիալական հարցեր, այդ թվում բուժօգնության եւ ճիշտ սննդակարգի մատչելիության հարցերը, փորձագետները նշեցին այն տխուր փաստը, որ հայերն ավելի շատ նախընտրում են խորհրդի համար դիմել հարազատներին ու բարեկամներին, քան` բժիշկներին: