Բելառուսը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ չի տեղակայի, եթե անվտանգության սպառնալիք չլինի։ Այս մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողովում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոն նշել է, որ մեծ վտանգ է տեսնում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի գործողության դադարեցման մեջ։ Նրա խոսքով՝ այդ քայլի հետեւանքները կարող են անգամ ահաբեկչությունից ավելի վտանգավոր լինել։ «Եթե մենք կանգ չառնենք, համարեք, որ մենք կատարել ենք դեպի նոր պատերազմ տանող առաջին քայլը։ Եվ տա Աստված, որ այդ պատերազմը գոնե առանց միջուկային զենքի լինի»,- ասել է նա։
«Վերջին տխուր օրինակը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի գործողության դադարեցումն էր։ Հերթական միջոցառում, եւ ո՞վ այն նախաձեռնեց՝ գիտեք։ Եվ դուք, հավանաբար, հասկանում եք, որ մի քանի տարի հետո (այդ պայքարն արդեն սկսվել է) մենք կսկսենք պայքարել այդ ահավոր չարիքի դեմ՝ փող ծախսել, գիտաժողովներ անցկացնել։ Եվ նրանք, ովքեր այսօր մեղավոր են այդ պայմանագրերի խախտման մեջ, նրանք, հավանաբար, կլինեն այդ գիտաժողովների անցկացման նախաձեռնողները։ Ուրեմն, ավելի լավ չէ՞ հիմա կանգ առնել»։
Նրա խոսքով՝ հանգիստ եւ խաղաղ Եվրոպայում այդ սպառազինությունների հայտնվելու իրական հնարավորությունը մայրցամաքում լարվածության աճի եւ սպառազինությունների նոր մրցավազքի ուղղակի ճանապարհն է։ «Այն արդեն սկսվել է եւ ընթանում է բավական արագ։ Առաջատար երկրներում այնքան են արագացնում այդ գործընթացը, որ նոր զենքի փորձարկումների ժամանակ պարզապես տասնյակներով եւ հարյուրներով մարդիկ են զոհվում»,- փաստել է նախագահը։
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ վստահության վերականգնման համար Բելառուսը հետեւողականորեն եւ համառորեն առաջ է մղում լայն միջազգային երկխոսություն սկսելու գաղափարն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով։ «Առանց բանակցային գործընթացին համընդհանուր պատրաստության, որը կկայունացներ միջազգային հարաբերությունները, մենք չենք կարող երաշխավորել մեր երկրների եւ ժողովուրդների անվտանգությունը։ Անհրաժեշտ է միավորող օրակարգի, նոր գաղափարների որոնում, որոնք կկիսի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լայն շրջանակ։ Դրանցից մեկը, իմ կարծիքով, պետք է դառնա եվրոպական տարածաշրջանում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայմանը դիմակայելը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նախագահն ընդգծել է, որ Բելառուսը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի լիիրավ մասնակիցն էր. «Մենք դուրս չենք եկել դրանից, եւ մտադիր չենք արտադրել կամ տեղակայել նման հրթիռներ, եթե սպառնալիք չլինի մեր անվտանգությանը։ Առայժմ նման իրավիճակ չկա։ Հույս ունեմ, որ չի էլ լինի։ Սա հայտարարում եմ որպես եվրոպական մայրցամաքի հենց սրտում գտնվող պետության ղեկավար, որտեղ յուրաքանչյուր բնակչի գենում ապրում է մարդկության պատմության մեջ ամենաահավոր պատերազմների հիշողությունը։ Դրանք բոլորն ընթացել են մեր հողի միջով»։
Նա համոզմունք է հայտնել, որ եվրոպական մայրցամաքում ՄՓՀՀՊ պահպանման համատեղ գործողությունները կարեւոր քայլ կլինեին վստահության վերականգնման գլոբալ երկխոսությունում։




























