Բիշքեկի քաղաքային դատարանն այսօր օրինական է ճանաչել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալությունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բիշքեկի քաղաքային դատարանը մերժել է նախկին նախագահի ձերբակալության անօրինականության մասին բողոքը»,- ասել է նա:
Փաստաբանի խոսքով՝ մի քանի օր առաջ Աթամբաեւի փաստաբաններն արդեն փորձել են նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հասնել: Նրանց կարծիքով՝ խորհրդարանն անօրինական ճանապարհով է Աթամբաեւին զրկել նախկին նախագահի կարգավիճակից եւ անձեռնմխելիությունից, քանի որ ըստ օրենսդրության՝ օրենսդրական մարմինը նման իրավասություն չունի: Այդուհանդերձ, շրջանային դատարանը հրաժարվել է փոխել խափանման միջոցը:
Աթամբաեւը կմնա կալանքի տակ առնվազն մինչեւ 2019թ. հոկտեմբերի 26-ը:




























