Գյումրիի զորակոչային տարիքի երիտասարդների մոտ վերջին մի քանի տարիներին նկատվում է տարբեր տեսակի եւ բարդության հիվանդությունների աճ, հատկապես մեծ է գինեկոմաստիաներով հիվանդ պատանիների թիվը:

Գյումրիի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժիշկ Անահիտ Հովսեփյանի խոսքով`ավելացել է  նաեւ հոգեկան հիվանդություններ ունեցող զորակոչիկների թիվը, մտահոգիչ է թերապեւտիկ եւ վիրաբուժական հիվանդություններ ունեցող պատանիների թիվը:

«Դպրոցներում նախազորակոչային պատրաստություն եւ ֆիզկուլտուրա առարկաները  չեն անցկացվում նորմերին համապատասխան: Եղել են դեպքեր, երբ ազգային բանակ զորակոչված զինծառայողի մոտ հիվանդության կրկնություն է նկատվել: Սա նշանակում է, որ բուժման կուրսերը լիովին ավարտված չեն եղել: Բացի դրանից, հիվանդության խորացման պատճառը նաեւ ծնողի անուշադրությունն է»,- NEWS.am-ին ասել է Անահիտ Հովսեփյանը:

Գյումրիի  զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանն իր հերթին նկատել է, որ մեկ այլ մտահոգություն էլ կա. «90-ականների ճգնաժամային պայմաններում արտագաղթի աճի հետեւանքով, այսօր եւ հետագա մի քանի տարիներին բանակի համալրման առումով որոշ խնդիրներ ենք ունենալու, ցուցանիշը տարիներ շարունակ ոչ միայն ցածր է, այլ մտահոգիչ է համարվում: Գյումրեցի պատանիների մեծ մասը բացակայում է քաղաքից»: