Վերջին 10 օրերում թուրք քաղաքական գործիչների հայտարարությնուններից ամենուշագրավներն այդ երկրի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շեհինի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթներն էին, որոնցից առաջինով ակնարկվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները վերջ են դնում Հայկական հարցին, իսկ մյուսով, որ հայերը չեն կարող Ցեղասպանության նյութական փոխհատուցման հարց դնել Թուրքիայի առջեւ։

Ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։

«Ալի Շահինն իր ելույթում հասկացնել տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները վաղուց փակել են Հայկական հարցը, եւ որ դրանով պետք է զբաղվեն բացառապես հայ եւ թուրք պատմաբանները։ Մյուս կողմից, սակայն, թուրքերը հասկանում են, որ պատմական ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը սպառել է իրեն, հետեւաբար պետք է նոր մարտավարություն մշակել։ Այդ նոր մարտավարությունը նրանք իրագործում են նախկինում արգելված թեմայի՝ Ցեղասպանության խնդրի շուրջ հասարակության ներսում քննարկումներ կազմակերպելով, ինչն 95 տարի արգելված է եղել։ Հիմա թուքերն ասում են, որ ողբերգություն է կատարվել, սակայն այդ ողբերգությունը եղել է ե՛ւ հայերի, ե՛ւ թուրքերի հետ։ Այս կերպ թուրքական կողմն ուզում է միջազգային հանրությանը հասկացնել, որ Ցեղասպանության հարցը միայն իր եւ Հայաստանի որոշելիք գործն է, եւ ոչ ոք իրավունք չունի խառնվել դրա մեջ»,- նշեց թուրքագետը։

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի՝ իր խոսքով ծրագրային հայտարարությանը, որը վերաբերում էր 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հետնորդներին փոխհատուցում վճարելու հարցին, Անուշ Հովհաննիսյանը հատկանշական համարեց, որ Դավութօղլուն իր ելույթվ ընդգծեց, որ Թուրքիան մաքրել է իր հաշիվները եւ ոչ ոքի պարտք չէ։

Խոսելով Թուրքիայում ծնված  եւ ներկայումս ԱՄՆ-ում աշխատող հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի՝ Փարիզի OECD-ում  Թուրքիայի դեսպան նշանակելու հարցին, թուրքագետը գովելի համարեց վերջինիս արարքը, ով ժամանակավորապես հրաժարվել է այդ առաջարկից եւ հերքել թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը համաձայնվել է մի քանի ամիս անց նշանակվել Փարիզի OECD-ի (Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն) մշտական ներկայացուցչությունում որպես Թուրքիայի դեսպան:

«Լավ է, որ այդ մարդու ուղեղն աշխատեց, եւ նա թուրքական կառավարության ձեռքում գործիք չդարձավ»,- նկատե թուրքագետը։

Ամփոփելով՝ Անուշ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի քաղաքներում, ինչպեսեւ անցած տարի, ինչ-ինչ հասարակական ակցիաներ կնախաձեռնվեն, հնարավոր է, որ այդ օրերին Հայաստան նույնիսկ թուրք բանագնացներ ուղարկվեն։   

Նշենք, որ ավելի վաղ Դավութօղլուն հաստատել էր մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիայում ծնված  եւ ներկայումս ԱՄՆ-ում աշխատող հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին նշանակելու են Փարիզի OECD-ում  Թուրքիայի դեսպան: Դրան ի պատասխան՝ հայազգի տնտեսագետը հերքել էր այդ տեղեկությունները եւ ասել, որ ծանր ակադեմիական աշխատանքների պատճառով նա մոտ ապագայում չի կարող ընդունել առաջարկը։