Բրազիլիան չի ընդունի ընտրությունների արդյունքները Բոլիվիայում, մինչեւ որ որոշվի դրանց արդյունքների ստուգման հարցը Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) կողմից։ Այս մասին ուրբաթ ասել է բրազիլական ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ուշադրության առնելով ԱՊԿ եւ Բոլիվիայի իշխանությունների միջեւ ընթացող բանակցությունները այդ երկրում ընտրությունների առաջին փուլի լիակատար ստուգման մասին, Բրազիլիան ներկա պահին չի ընդունի վերջնական արդյունքների մասին ոչ մի հայտարարություն»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության Թվիթերի հրապարակման մեջ։

Ավելի վաղ Բոլիվիայի Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) նախագահ Մարիա Էուխենիա Չոկեն հրավիրել էր Եվրամիության եւ ԱՊԿ ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Բոլիվիայի քաղաքացիներին ստուգել ձայների հաշվարկման արդյունքները։ Համաձայն քվեաթերթիկների 100 տոկոսի ստուգման, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էվո Մորալեսը, որը հավաքել է 47,08 տոկոս ձայն, այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, 36,51 տոկոս։ Համաձայն երկրում գործող օրենքների՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ավելի քան 50 տոկոս կամ 40 տոկոս՝ պայմանով, եթե նրա տարբերությունը մերձակա մրցակցից կազմում է ոչ պակաս, քան 10 տոկոս։

Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Բոլիվիայում տեղի է ունեցել կիրակի, առաջին նախնական արդյունքները հրապարակվել են տեղամասերի փակվելուց չորս ժամ հետո։ Դրանց հրապարակումից հետո Մեսան ասել է, որ քվեարկության արդյունքները պետք է թույլ տան իրեն դուրս գալ երկրորդ փուլ։ Մորալեսն իր հերթին ասել է, որ այդ պահին չհաշվարկված գյուղական շրջանների բնակիչների ձայները երաշխավորում են իր հաղթանակը արդեն առաջին փուլում։

Երեքշաբթի երեկոյան Բարձրագույն ընտրական դատարանը ընդմիջումից հետո հայտարարեց ձայների նախնական արագ հաշվարկի տվյալները, որոնց համաձայն՝ Մորալեսը հավաքում է ձայների անհրաժեշտ քանակություն առաջին փուլում հաղթելու համար։ Այս արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքներ սկսվեցին։ Չորեքշաբթի Մորալեսը Բոլիվիայում հայտարարեց արտակարգ դրություն եւ ընդդիմությանը մեղադրեց պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Մեսան հայտարարեց, որ չի ընդունում մրցակցի հաղթանակն առաջին փուլում։