ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ուրբաթ հայտարարել է կուբայական բոլոր ավիաուղղություններով, Հավանայից բացի, թռիչքներն արգելելու մասին, տեղեկացնում է Fox News-ը։

Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերից։

«Այս գործողությունը թույլ չի տա Կաստրոյի ռեժիմին եկամուտներ ստանալ Միացյալ Նահանգներ ավիափոխադրումներից եւ այդ եկամուտներն օգտագործել Կուբայի ժողովրդին բռնաճնշելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Կուբա ավիաթռիչքների արգելքի մյուս պատճառը  երկրում զբոսաշրջության զարգացումը կանխելն է, ինչը նույնպես արգելված է օրենքով Միացյալ Նահանգներում։

Այս արգելքի հակառակորդները կարծում են, որ այդ քայլը էլ ավելի կբարդացնի Կուբայի ամերիկացիների կյանքը, ովքեր կցանկանան այցելել Հավանայից հեռու ապրող իրենց հարազատներին։