Լիբանանում ցուցարարները, ի նշան երկրի կառավարության դեմ բողոքի, բազմաթիվ ճանապարհներ են արգելափակել։ Ճանապարհների մեջտեղում թողնված հարյուրավոր ավտոմեքենաները հոկտեմբերի 28-ին փակել են Լիբանանի հյուսիսն ու հարավը իրար հետ կապող կարեւորագույն ավտոմայրուղիները եւ այլ ճանապարհներ։ Ակտիվիստները նաեւ նստացույցեր են կազմակերպել եւ բարիկադներ կառուցել տրանսպորտային հանգույցներում, հայտնում է DW-ը։

Ցուցարարները արդեն 11 օր մասամբ կաթվածահար են արել Լիբանանի հասարակական կյանքը։ Նրանք պահանջում են կառավարության ամբողջական հրաժարականը։ Վարչապետ Սաադ Հարիրիի քաղաքական զիջումները նրանց չեն բավարարում։

Բողոքի ակցիաները Լիբանանում արդեն մի քանի օր միավորում են բոլոր կրոնների եւ տարիքային խմբերի ներկայացուցիչներին։ Հոկտեմբերի 27-ին մոտ 100 հազար լիբանանցիներ 170 կմ-անոց կենդանի շղթա էին կազմել Երկրի հյուսիսում Տրիպոլիից մինչեւ հարավայն Սուր քաղաքը։

Ցույցերը Լիբանանում սկսվել էին հոկտեմբերի 17-ին՝ WhatsApp-ի եւ մյուս մեսենջերների հեռախոսազանգերի համար հարկ սահմանելու իշխանության մտադրության պատճառով։ Հետագայում դրանք վերածվել էին կոռուպցիայի, տնտեսության վատ կառավարման դեմ պայքարի։