Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանն ու Օքթայ Ասադովը նախատեսում են հոկտեմբերին պաշտոնական այց կատարել Մինսկ։ Այս մասին սեպտեբերի 29-ին հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն՝ Ներկայացուցիչների պալատի խորհրդի նիստում,- հաղորդել է «Բելտա» գործակալությունը։
«Հոկտեմբերի 12-14-ը տեղի կունենա Ադրբեջանի խորհրդարանի նախագահի այցը, իսկ հոկտեմբերի 23-ին մեզ մոտ կժամանի Հայաստանի խորհրդարանի նախագահը։ Ընդհանուր առմամբ, հոկտեմբերին մենք շատ ենք աշխատելու միջազգային թեմատիկայով»,- հայտարարել է Անդրեյչենկոն՝ հստակեցնելով, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում, որը մեկնարկելու է հոկտեմբերի 2-ին, «պատգամավորներին շատ լուրջ աշխատանք է սպասվում միջազգային համագործակցության ոլորտում»։




























