ՀՀ նախագահին կից գործող Հանրային խորհուրդը երեկ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ ընդգրկել է իր մտահոգություններն ու եզրակացությունները: Այն այսօր կներկայացվի Սերժ Սարգսյանին:
Փաստաթղթի նախնական տարբերակում մասնավորապես նշված է, որ «Հանրային խորհուրդը կողմ է արձանագրությունների վավերացմանը», սակայն միաժամանակ մատնանշվել էին մի շարք մտահոգություններ, որոնք հիմնականում վերաբերում են պատմական հարցերի վերաբերյալ ենթահանձնաժողովի ստեղծմանը, տնտեսական էքսպանսիային, միգրացիային, ԼՂՀ հարցի հետ կապված վտանգներին եւ այլն:
Խորհրդի երեկվա նիստին նախնական այս փաստաթղթի շուրջ բուռն քննարկում է տեղի ունեցել, ներկա գտնվողներից յուրաքանչյուրը փորձել է ներկայացնել իր դիտողությունները, ըստ որոնց պետք է խմբագրվեր առաջարկությունների փաստաթուղթը: Հատկապես թեժ է եղել քննարկումը «Քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկի շուրջ: Նա մտահոգություն է հայտնել, թե սահմանների ճանաչման հետ կապված արդյոք հարցականի տակ չի՞ դրվում Ցեղասպանության հետեւանքով ձեւավորված սահմանների եւ հետագայում նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված մեր իրավունքը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, արձագանքելով հնչեցված մտահոգությանը, պատասխանել է. «Մինչեւ հիմա պարզ չէ, թե մեր սահմաններն ինչ ձեւով են հաստատված: Սա մեզ համար անորոշ հարց է: Ես չեմ կարծում, որ պետք է հարաբերությունների մեջ առաջ ընկնենք ու ասենք, որ եթե վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչեց, մենք նաեւ իրավունք ունենք նրանից հող պահանջելու: Բանավոր խոսքի մեջ ամեն ինչ կարող ենք ասել, սակայն փաստաթղթի մեջ մտցնել նման կետ, իբրեւ նախապայման, կարծում եմ ճիշտ չէ»:
Բացի այդ` ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Վազգեն Մանուկյանը նաեւ նշել է, որ շատերը, այդ թվում` Թուրքիան, փորձում են այսպիսով սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Դրանից խուսափելու համար Հանրային խորհրդի անդամների կարծիքով փաստաթղթում ներկայացված մտահոգությունների մասին պետք է հանրությանն ավելի իրազեկ դարձնել եւ բծախնդրորեն մոտենալ բոլոր հարցերին:




























