Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին,  ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը, այլք:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանն Արդարադատության նախարարությունում, ընդգծել է համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը:

Իտալիայի ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ տեղեկացրել, որ արդեն իսկ հասցրել են հանդիպել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ծանոթանալ նորաստեղծ մարմնի գործառույթներին եւ բացահայտել նմանություններն ու տարբերությունները: Այդ համատեքստում Դավիթ Էրմինին ընդգծել է հայ գործընկերների հետ արդեն իսկ ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայ-իտալական երկու կառույցների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու եւ առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: 

Նախարար Բադասյանը ողջունել է հուշագրի ստորագրմամբ փորձի փոխանակմանը նպաստող պայմանավորվածությունը եւ անդրադարձել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի հետ սերտ համագործակցության արդյունքում մշակված դատական ոլորտի բարեփոխումներին միտված օրենսդրական փաթեթների բովանդակությանը՝ ուղղված ներդրվող նոր գործիքների միջոցով դատավորների բարեվարքության ստուգմանը, որը լավագույնս նկարագրված է Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար դատական համակարգի ներսում՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը:

Կարեւորելով նաեւ դատավորների սոցիալական երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունը՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ կա քաղաքական որոշում՝ 2020 թվականից էականորեն բարձրացնելու դատավորների աշխատավարձերը:

Դավիթ Էրմինին պատիվ է համարել հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանի հետ համագործակցությունը եւ սերտ ու արդյունավետ գործընկերության պատրաստակամություն է հայտնել: