Սերժ Սարգսյանի թագավորության օրոք Հայաստանն ավելի քան գորշացավ: Ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց երգահան Ռուբեն Հախվերդյանն ու հավելեց. «Մենք այժմ ավելի գորշ վիճակում ենք, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբետ Քոչարյանի օրոք»:

«Հայաստանին Ֆիդել Կաստրոյի կամ Չե Գեվարայի նման մեկն էր պետք։ Այնինչ Հայաստանում նախագահ նշանակում է Ռուսաստանը եւ լավ էլ իմանում է՝ ում նշանակի, որ նրա ձեռքով մեր հերն անիծի։ Սերժ Սարգսյանն իրենց վստահելի մարդն է, ճիշտ է, ղարաբաղյան պատերազմի մեջ «ամագ» ունի, բայց մեկ է, պրեզիդենտացու չէ»,- ասաց Հախվերդյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ «մեր ղեկավարները, ղեկավարիկները եւ ղեկավարնյակները լսում են, թե ինչ է ասում ռուս ձյաձյան»։

Երգահանի խոսքով, Սերժ Սարգսյանը, ով ասում է, որ ամեն բան պետք է նոր էջից սկսել, նախեւառաջ փոոխությունները պետք է սկսի ինքն իրենից։ «Բոլորն էլ գիտեն, որ նա Ամերիկայում բիզնեսներ ունի, Թումանյան փողոցի վրա էլ 3 հարկանի շենք, բայց ոչ ոք ձայն չի հանում։ Ժողովուրդը պետք է բողոքի սրա դեմ, եթե դրա համար կտան մարդկանց կսպանեն, թող սպանեն»,- ընդգծեց Ռուբեն Հախվերդյանը։

Ամփոփելով նա նկատեց, որ Հայաստանի ղեկավարը շատ բաներում պետք է օրինակ վերցնի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից։ «Նա մի քանի տարիների ընթացքում կարողացավ փոխել իր երկիրը»,- բացատրեց երգահանը՝ ավելացնելով, որ մեր խորհրդարանում նստած են փողկապավոր մարդիկ, ում հետաքրքրում է բացառապես անձնական շահը եւ սեփական երթուղային գծերի եկամտաբերությունը։  

Նշենք, որ ապրիլի 9-ին լրացավ Սերժ Սարգսյանի նախագահության 3-ամյակը։