Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում շարունակվող անկայունությունը, որտեղ Ռուսաստանը համարվում է հիմնական խաղացողներից մեկը, իսկ Հայաստանը փաստացի այդ տարածաշրջանի մի մասն է, անվտանգության ոլորտում Մոսկվայի եւ Երեւանի համագործակցության խորացումն ավելի կարեւոր է դառնում: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Armenian Research & Development Institute» (ARDI) պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ ինչպես համագործակցության երկկողմ ձեւաչափերի առկայությունը, այնպես էլ երկու երկրների մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում թույլ է տալիս բավականին արագ համատեղ աշխատանքը նոր մակարդակի հասցնել:
«Ավելին, հայ-ռուսական հարաբերությունների կատարելագործումը թույլ կտա ձեւավորել ավելի բազմակողմ կապեր նոր ոլորտներում եւ նոր ձեւաչափերով, ինչը, իր հերթին, թույլ կտա նոր տարածաշրջանային գործոններ ներգրավվել անվտանգության համակարգում՝ այդպիսով ամրապնդելով արդեն առկա ձեւաչափերը»,- նշեց Ներսիսյանը:
Ընդ որում, ինչպես հայտարարեց փորձագետը, համագործակցության նոր մեխանիզմների ստեղծում արդեն չի պահանջվում, սակայն կարեւոր է արդեն առկա մեխանիզմների արդիականացումը՝ լինի դա ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը, որի ներուժն ավելի լայն կարող է լինել, քան այսօր առկա է:
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության մակարդակը գտնվում է պատմականորեն բարձր մակարդակի վրա: Զարգացնելով Սիրիայի տարածքում երկկողմ համագործակցության եզակի փորձ՝ երկրները հնարավորություններ են ստեղծում ՀԱՊԿ-ում նոր դաշնակիցների ներգրավման եւ իրական մարտական գործողությունների ռեժիմով համատեղ աշխատանքի համար: Կարելի է ենթադրել, որ հենց նման ձեւաչափը կարող է լրացնել կազմակերպության առաքելության տեսլականն ու ընդլայնել դրա ներկայության աշխարհագրությունը: Ընդ որում, կարեւոր է ներքին հակասությունների կարգավորումը, որոնք կարող են խոչընդոտել երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ համագործակցությանը: Հաշվի առնելով անվտանգության ոլորտում երկու երկրների ինտեգրման մակարդակը՝ ռազմատեխնիկական համագործակցությունը, որն այսօր ներկայացված է բացառապես սպառազինությունների մատակարարման տեսքով, կարելի է որակապես այլ մակարդակի հասցնել: Օրինակ, Երեւանը բավարար ռեսուրսներ ունի համատեղ արտադրության ծրագրերին մասնակցելու համար: Համագործակցության նման ձեւաչափը կարող է ունենալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բնույթ: Հայ-ռուսական տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները ընդլայնման ներուժ ունեն: Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները մի կողմից, եւ ԵՄ-ի հետ Հայաստանի իրատեսական հարաբերությունները՝ մյուս կողմից, դրա համար հետաքրքիր եւ ոչ ամբողջությամբ վերլուծված հիմք են հանդիսանում: «Կամուրջ- երկիր» հանդիսացող Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը կարող է նպաստել ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլ նաեւ տարբեր աշխարհաքաղաքական միությունների քաղաքական ու տնտեսական մերձեցմանը»,- ասաց Ներսիսյանը:
Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ հայ-ռուսական երկխոսության մեջ անվտանգության հարցը կարող է ավելի լայն օրակարգ ունենալ: Օգտագործելով իր ռազմավարական գործընկերոջ առավելությունները՝ Մոսկվան կարող է չեզոք հարթակ ձեւավորել ռազմավարական հարցերը քննարկելու համար, օրինակ՝ զինաթափման խնդիրը, միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծումը: Այդ համատեքստում Երեւանը շահագրգիռ կողմ չի համարվում եւ ունենալով դրական հարաբերություններ ուժային համաշխարհային կենտրոնների հետ՝ կարող է հարթակ հանդիսանալ տվյալ հարցերի քննարկման համար:
«Այսօր վստահաբար կարելի է մեկ կարեւոր եզրակացություն անել, որի ընկալումը կարող է ընդլայնել Ռուսաստանի հնարավորությունները Մոսկվայի վրա քաղաքական-դիվանագիտական շարունակվող ճնշումների պայմաններում: Հայաստանը՝ լինելով հուսալի ռազմավարական դաշնակից, ունակ է աջակցելու տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ օրակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ ինչպես պետությունների, այնպես էլ ինստիտուտների միջեւ ուղիղ երկխոսության համար հարթակի ստեղծմանը»,- ամփոփեց փորձագետը:





























