Կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում երկու փոթորիկների հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ: Չորեքշաբթի այդ երկրներում մոլեգնել է «Էլզա» փոթորիկը, իսկ արդեն շաբաթ այն փոխարինվել է «Ֆաբիեն» ավերիչ տարերքով, հաղորդում է DW-ը:

Ուժգին քամու արագությունը հասնում է 170 կմ/ժ-ի: Իսպանիայի Գալիսիա քաղաքում հազարավոր տնային տնտեսություններ հոսանքազրկվել են: Բազմաթիվ օդանավակայաններում չեղարկվել են չվերթները, Պորտուգալիայում երկաթգծի՝ ջրով լցվելու հետեւանքով դադարեցվել է Լիսաբոնի եւ Պորտոյի միջեւ ընթացող գնացքների աշխատանքը: Փակ են ֆրանսիական Բորդո, Տուլուզ եւ Անդայ քաղաքների երկաթգծի կայարանները:

Փոթորիկը հասել է նաեւ Մեծ Բրիտանիայի հարավ, որտեղ հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը դուրս են եկել ափերից: Լոնդոնի մերձակայքում՝ Չերթսի քաղաքում, տորնադոն վնասել է բազմաթիվ տներ եւ ավտոմեքենաներ:

Ջրհեղեղից տուժել է նաեւ Իտալիան: Շաբաթ Վենետիկում ջրի մակարդակը բարձրացել է ծովի մակարդակից 120 սմ-ով՝ հեղեղելով քաղաքի շուրջ 30 տոկոսը: Ընդ որում՝ Վենետիկը դեռեւս չի հասցրել վերականգնվել աղետալի ջրհեղեղի հետեւանքներից, որը տեղի էր ունեցել անցած ամիս, երբ ջրի տակ էին հայտնվել քաղաքի գրեթե բոլոր փողոցները: