Այս գիշեր հանրապետությունյունում սպասվող ցրտահարությունը կարող է վտանգել կորիզավորների եւ բանջարաբոստանային որոշ կուլտուրաների բերքը: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին գյուղատնտեսության նախարարությունում հրավիրած ասուլիսում հայտարարեցին մասնագետները` ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը եւ նույն համալսարանի բուսաբուծության եւ բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը:
Նրանք մի քանի խորհուրդ տվեցին գյուղացիներին, թե ինչպես կարելի է պաշտպանել բերքը ցրտահարությունից: Գ. Սանթրոսյանը նշեց, որ ամենապարզ միջոցը գիշերը այգիները ծխահարելն է: Այդ նպատակով հարկավոր է նախապես պատրաստել ծխակույտեր` 1 հա-ի հաշվով 100-120 ծխակույտ: Դրանք հարկավոր է դասավորել այգու շուրջբոլորը, որպեսզի քամու ուղղությունը փոխվելիս ծուխը չկորչի: Ծխակույտերը նպատակահարմար է պատրաստել խոնավ ծղոտից, որոնք չեն այրվում: «Այրվող ծխակույտից օգուտ չկա»,-ասաց Գ. Սանթրոսյանը:
Նրա խոսքով` արտասահմանյան որոշ երկրներում ծխահարման նպատակով գյուղացիներին վաճառում են ծխագնդիկներ, սակայն Հայաստանում դա տարածում չունի` թանկ հաճույք է; Ուստի գյուղացիները նախընտրում են ինքնուրույն պատրաստել ծխակույտը: Այս մեթոդը կարող է օգտակար լինեն մինչեւ -5 աստիճան ցևտի դեպքում, այնինչ Արարատյան դաշտում սպասվում է առավելագույնը -3 աստիճան ցուրտ:
Ցրտահարության դեմ առավել արդյունավետ մեթոդ է ցողապատումը, որը հայ գյուղացիները չեն կիրառում, սակայն արտասահմանում դա շատ տարածված է: Ցողապատում կարելի է իրականացնել հասարակ սրսկիչով, սկսած այն պահից, երբ ջերմաստիճանն իջնում է 0-ից ցած: Այդ դեպքում շաղ տված ցողը սառցակալում է եւ պաշտպանում ծաղիկներն ու բողբոջները նույնիսկ -100 աստիճան ցրտի դեպքում; Եվրոպական երկրներում աս մեթոդը շատ տարածված է, սակայն կիրառվում են հատուկ նախապատրաստական աշխատանքներ` յուրաքանչյուր ծառի կողքին տեղակայվում է ցող արձակող գլխիկ: Ա. Մելիքյանը տեղեկացրեց, որ ցրտահարությունը վտանգում է ոչ միայն կորիզավոր պտուղների բերքը, այլ բանջարաբոստանային:
Մասնավորապես` Արարատյան դաշտում լուրջ վտանգ է սպառնում վաղահաս կարտոֆիլի բերքին: Սակայն կորուստից կարելի է լիովին խուսափել` թաղանթածածկելով դաշտերն ու սածիլները:
Նույնիսկ փակ ջերմոցների տերերին Ա. Մելիքյանը խորհուրդ տվեց գիշերը ջեռուցումը միացնել:




























