Եթե ամեն բան մնա այնպես, ինչպես այժմ է, «Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ չի միանա, նրա հետ նախընտրական դաշինք չի կազմի եւ ընտրություններին կգնա ինքնուրույն։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։

«Եթե նախընտրական շրջանում  մեր եւ ՀԱԿ-ի գաղափարախոսությունները չհամընկնեն, մենք նրա կազմի մեջ չենք մտնի»,- ընդգծեց ՆԺԿ առաջնորդը՝ ավելացնելով, որ ինքը ՀԱԿ-ի գործողություններին հետեւում եւ մասնակցում է «որպես ընդդիմադիր տրամադրված քաղաքացի»։

«Ընդդիմադիր դաշտում ինձ համար մի բան է անհասկանալի, թե ինչո՞ւ է, օրինակ, ընդդիմադիր մի թեւը՝ ի դեմս «Ժառանգություն» կուսակցության քնադատում մյուս թեւին։ Ընդդիմության թիրախն իրականում իշխանությունն է, եւ ընդդիմադիր ուժերը չպետք է քննադատեն իրար»,- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում գործող ուժերի կանխատեսելի-անկանխատեսելի լինելու թեմային՝ ՆԺԿ առաջնորդն ասաց, որ քաղաքականության մեջ «կանխատեսելի ուժ» գաղափար գոյություն չունի եւ նույն  ՀԱԿ-ը, որ այսօր կանխատեսելի է, վաղը կարող է անկանխատեսելի դառնալ։ «Օրինակ, շատ ուժեր, որոնք մի ժամանակ քննադատում էին իշխանություններին եւ կանխատեսելի էին, այսօր անկանխատեսելիորեն հեռու են մնում իշխանությունների հասցեին քննադատություններ անելուց»,- պարզաբանեց Կարապետյանը։

Ամփոփելով՝ ՆԺԿ առաջնորդը նշեց, որ նոր բեւեռ ստեղծելու առաջարկներ եղել են, սակայն քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարների հետ իր անձնական հանդիպումներն ինքը քաղաքական կոնսուլտացիաներ չի համարում։ «Լուրերը, թե 2 օր առաջ հանդիպել եմ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, իրականությանը չեն համապատասխանում։ Ինչ վերաբերում է ԺԿ-ին, ապա Տիգրան Կարապետյանի հետ սերտ հարաբերությունները շարունակական են լինելու։