Հայաստանի ՊՆ-ի Արմենակ Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտը, որն իր նմանը չունի տարածաշրջանում, դարձավ 18 տարեկան։ Ինստիտուտի նպատակն է ապահովել Հայաստանի զինված ուժերի մասնագետների  քանակական եւ որակական պահանջները՝ պատրաստելով ավիացիայի, կապի եւ հակաօդային պաշտպանության սպա մասնագետներ:

NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը հայտնեց, որ Հարավային Կովկասի մյուս երկրները նման հաստատություններ չունեն. Վրաստանը ռազմական օդաչուներ է պատրաստում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը` Թուրքիայում: Այսպիսի ինստիտուտներ չունեն անգամ եվրոպական զարգացած երկրներից շատերը։

Հայաստանի Ռազմական ավիացիոն ինստիտուտը ստեղծվել է 1993թ.-ին  հանրապետական աերոակումբի բազայի հիման վրա, որը Խորհրդային միության ժամանակ համարվում էր միութենական լավագույն աերոակումբներից մեկը, որտեղ հայ պատանիները սկսում էին իրականացնել իրենց երազանքը դեպի ինքնաթիռային, պարաշուտային եւ ավիամոդելային մարզաձեւեր: Իսկ ավելի փորձառու մարզիկները հանրապետության հավաքականի կազմում բարձրացնում էին Հայաստանի պատիվը միջազգային եւ միութենական առաջնությունների ժամանակ: Անգամ 90- ականների սկզբին Թուրքիայում աշխարհի գավաթի առաջնությունում բարձրացվեց Հայաստանի եռագույնը՝ շնորհիվ հայ ավիամոդելային մարզաձեւի հավաքականի:

Նմանատիպ ակունքների եւ արդեն ձեւավորված ավանդույթների հիման վրա ստեղծվեց Ռազմական ավիացիոն մասնագետների պատրաստման կրթօջախը:

«Տարիներ առաջ սա մեզ համար երազանքի նման մի բան էր, իսկ այսօր ավիացիոն տեխնիկայի թռիչքատեխնիկական շահագործման անձնակազմի մոտ 90 տոկոսը հանդիսանում են մեր ինստիտուտի շրջանավարտները»,-ասաց գնդապետ Բալայանը, հավելելով, որ ներկայումս հաստատության 100-ավոր շրջանավարտներ՝ օդաչուներ, տեխնիկական անձնակազմ, կապի մասնագետներ, ծառայում են իրենց մասնագիտությամբ։

Ինստիտուտում ուսուցումը բավականին խիստ է, ուսուցման գործընթացում կարեւորվում է թե՜ տեսական եւ թե՜ գործնական ուսուցումը։ Հաստատությունում ստեղծված են բոլոր հնարավորությունները ուսումնադաստիարակչական գործընթացը, կենցաղային պայմանները, հանգիստն ու առօրյան պատշաճ մակարդակով անցկացնելով համար:

Կրթական գործընթացի հետ զուգահեռ ավիացիոն ինստիտուտում կատարվում են գիտատեխնիկական եւ նորարական հետազոտություններ տարբեր ուղղություններով։ Այս աշխատանքներում ներգրավվում է նաեւ ինստիտուտի կուրսանտական կազմը, որպեսզի նրանց առօրյա ուսումնական գործընթացը կազմակերպվի եւ անկցացվի ավելի հետաքրքիր եւ արդյունավետ: Բալայանի խոսքով՝ այդպիսով երիտասարդ մասնագետների առաջարկներն ու ներուժը օգտակար են դառնում Հայաստանի պաշտպանության համար: «Կարեւոր է, որպեսզի մեր ուսանողները ոչ միայն զուտ կատարողի, այլեւ մտածողի դերում լինեն»,- ասաց գնդապետ Բալայանը:

Նշենք, որ Հայաստանի ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտում ուսումնառությունը ամբողջությամբ հովանավորում է Պաշտպանության նախարարությունը։ Ուսումն ավարտելուց հետո շրջանավարտներն անմիջապես նշանակվում են համապատասխան պաշտոնների եւ իրականացնում իրենց ծառայությունը:

Հաստատություն ընդունվելիս կուրսանտական կազմի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր, համաձայն որի ինստիտուտն ավարտելուց հետո շրջանավարտը պարտավորվում է կատարել իր ծառայողական պարտականությունները, իսկ հրաժարվելու դեպքում, համաձայն գործող օրենքների, նա պետք է փոխհատուցի իր ուսման վճարը, որը բավականին խոշոր գումար է, եւ ժամկետային ծառայություն անցնի բանակում։

Բալայանի խոսքով` ինստիտուտը իր անցած 18 տարիների ընթացքում գտնվում է իր կայացման ճիշտ ուղու վրա եւ գտել է իր հաստատուն տեղը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: