Կորոնավիրուսի պատճառով Պեկինի իշխանությունները ժամանակավորապես արգելել են հանգուցյալներին հրաժեշտի արարողությունների անցկացումը  եւ ամուսնությունների գրանցումը, որոնք նախատեսված են 2020 թվականի հանրահայտ օրը՝ 02.02.2020-ին, հայտնում է China News-ը:

Հրաժեշտի արարողությունների անցկացումը ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Պեկինի վարչակազմի քաղաքացիական վարչության ղեկավար Լի Վանցզյունը:

«Պեկինում հիմա կա 12 սգո բյուրո կա, որոնք դադարեցրել են հրաժեշտի արարողությունների անցկացումը: Որովհետեւ, ըստ նախնական գրանցման, հրաժեշտի յուրաքանչյուր արարողությանը հավաքվելու է մի քանի տասնյակ մարդ, առավելագույնը 100 մարդուց ավելի, այսպիսի մեծաչափ հավաքները չեն նպաստում վիրուսի բռնկման դեմ պայքարին»,- ասել է նա:

Պեկինցի շատ սիրահարներ եւս ստիպված կլինեն չեղարկել իրենց ծրագրերը: Չինաստանում ամուսնությունների գրանցման համար 2020 թվականի փետրվարի 2-ը մեծ պահանջարկ ունեցող օր է, որովհետեւ այս թվերի համադրությունը, որոնք չինարենում համահունչ են «ես քեզ սիրում եմ, սիրում եմ քեզ» արտահայտությանը, հանդիպում է հազար տարին մեկ:

«Քաղաքի կառավարության հավանությամբ՝ քաղաքում ամուսնությունները գրանցող բոլոր մարմինները չեղարկում են 02.02.2020-ին նախատեսված ամուսնությունների գրանցումը»,- այս մասին քաղաքի իշխանությունները հայտնել են աշխատակազմի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի վերջին հայտնել էին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Առաջին հիվանդները կապ էին ունեցել ծովամթերքի շուկայի հետ: Փորձագետները նախնական պարզել էին, որ հիվանդության հարուցիչն է դարձել կորոնավիրուսի նոր տեսակը՝ 2019-nCoV-ը: Վերջին տեղեկություններով՝ կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը Չինաստանում հասել է 7711-ի, նրանցից 170 մարդ մահացել է: