Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին «Վնուկովո» օդանավակայանում հանել են չվերթից, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Telegram-ին։

Ինչպես տեղեկացվում է, «Ռոսիա» ավիաընկերության SU 6034 ինքնաթիռը պետք է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչեր, սակայն, չվերթն ուշանում էր։ Ուղեւորներին խնդրել են մնալ ամրագոտիներով կապված, սակայն Սոբչակը հայտարարել է, թե մտադիր չէ դա անել եւ լքել է ինքնաթիռը։

Ավելի ուշ եկել են տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները եւ արձանագրություն են կազմել։

Իր Telegram-ալիքում Սոբչակը հայտնել է, որ ինքնաթիռը մեկուկես ժամ չէր կարողանում թռչել՝ օդանավակայանի վրա «փակ երկինք» ռեժիմի պատճառով։

«Այսօր թռչում էր վարչապետը։ Մեկուկես ժամ նստել էի ինքնաթիռում, որը մինչեւ Պիտեր մեկ ժամում է հասնում։ Ընդհանրապես ինձ հետաքրքիր է, թե ինչ պրակտիկա է այլ երկրներում։ Որեւէ տեղ փակու՞մ են երկինքը, երբ իրենց առաջին դեմքերն են ժամանում»,- վրդովվել է նա՝ հետաքրքրվելով, թե հնարավոր չէ՞ արդյոք նման դեպքում անվտանգ առանձնացնել ինքնաթիռները։