Հայաստանում տարեկան միջին հաշվով գրանցվում է 120-150 գյուտ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության տվյալների համաձայն՝ 2008թ. արտոնագիր է ստացել 127 գյուտ, 2009թ.՝ 156 գյուտ, 2010թ.՝ 124։ Այս տարվա առաջին եռամսյակում գյուտերի արտոնագիր է տրվել 36-ին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտելիքահենք տնտեսությունը կառավարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գյուտերի քանակի ու օգտակարության խնդիրը դառնում է արդիական։
Կառավարությանը հաջողվել է պարզեցնել գյուտերի գրանցման ընթացակարգը, սակայն գյուտարարության որակի վրա դա էական ազդեցություն չունի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության տեղեկացմամբ՝ գրանցվող գյուտերի մեծ մասն ունի 2-3 տարվա կյանք։ Դրանից հետո գյուտի հեղինակը հրաժարվում է վերագրանցել գյուտը՝ փաստորեն ինքնակամ զրկվելով իր հեղինակային իրավունքի պաշտպանության հնարավորությունից։
Նշենք, որ գյուտի գրանցումն ու վերագրանցումը վճարովի է։ Մտավոր սեփականության գործակալությունում որեւէ գյուտ գրանցելն արժե 8750 դրամ՝ սակագինը չի փոխվում արդեն 10 տարի։ Գյուտի վերագնացման համար եւս պետք է վճարել՝ 2-րդ եւ 3-րդ տարում՝ 5000 դրամ, հաջորդող տարիներին՝ ավելի շատ։ Ենթադրվում է, որ 2-3 տարի հետո գյուտը գրանցելուց հետո գյուտարարը կսկսի եկամուտ ստանալ, հետեւաբար՝ ի վիճակի է ավելի շատ վճարել։ Սա թերեւս այն պատճառներից մեկն է, որ գյուտարարներին դրդում է ետ կանգնել գյուտի վերագրանցումից։
Հայաստանում որեւէ գյուտի արդյունաբերական կիրառելիության ժամկետը մեծ է, ինչի հետեւանքով գյուտարարները չեն կարողանում 2-3 տարվա ընթացքում եկամուտ ունենալ։ Շատ գյուտարարներ ընդհանրապես չեն կարողանում իրենց գյուտի համար պատվիրատու գտնել, հետեւաբար՝ չեն ցանկանում անիմաստ գումարներ վատնել հեղինակային իրավունքը երկարաձգելու նպատակով։ Նշենք, որ զարգացած երկրներում գյուտի արդյունաբերական կիրառման համար ծախսվում է 6-18 ամիս։
Մասնագետների մեծ մասի կարծիքով՝ հայ գյուտարարները կտրված են իրականությունից, եւ չեն ներկայացնում տնտեսության կողմից պահանջարկված լուծումներ։ Հայաստանում արտոնագիր տրամադրելիս գյուտը ոչ մի լուրջ փորձաքննություն չի անցնում։ Գործակալությունը պարզապես հետեւում է, որ գյուտը գոնե մակերեսայնորեն չհակասի ֆիզիկայի կամ այլ օրենքների, ինչպես նաեւ այլ երկրներում արդեն իսկ կիրառված չլինի:
Այս ամենի հետեւանքով գրանցված գյուտերի զգալի մասը պարզապես պահանջարկ չունի։ Քանի դեռ չի ստեղծվել տնտեսության եւ գիտության միջեւ օրգանական փոխկապվածություն՝ հազիվ թե գյուտարարության զարգացումը Հայաստանում լուրջ արդյունքներ ունենա։





























