Սև ծովի տարածքում ռուս-ուկրաինական պատերազմի ընդլայնումը սպառնում է քաղաքացիների կյանքին ու ընկերությունների գործունեությանը․ դա անընդունելի է։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նախարարը հայտնել է, որ ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են տարածաշրջանի համար ավելի քան չորսուկես տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետևանքները։
«Քանի որ մարտական գործողություններն ընթանում են առանց դադարի, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն ու ավերածություններն օրեցօր ավելանում են։ Պատերազմի սրումը լուրջ ազդեցություն է ունենում նաև Սևծովյան ավազանի վրա։ Ճգնաժամի հենց սկզբից մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի Սև ծովը դուրս մնա հակամարտությունից», — հայտարարել է Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Նեղուցների ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի հետևողական կիրառումն ու Սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրագործումը թույլ են տվել որոշակի ժամանակահատվածում հասնել այդ նպատակին։
«Սակայն վերջին ամիսներին Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հաճախակի դարձած հարձակումները լուրջ վնաս են հասցնում մարդկանց կյանքին, գույքին, ծովային տրանսպորտին և էկոլոգիական անվտանգությանը։ Ցավոք, այս հարձակումների հետևանքով զոհվել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող նավաստիներ», — նշել է նախարարը։
Հաքան Ֆիդանը ցավակցություն է հայտնել զոհված նավաստիների ընտանիքներին և հայտնել, որ կողմերին արվել են անհրաժեշտ նախազգուշացումները։
«Սև ծովի վրա պատերազմի տարածումը սպառանլիք է ստեղծում մեր քաղաքացիների կյանքի ու մեր ընկերությունների գործունեության համար․ դա անընդունելի է։ Եթե քաղաքական կամք դրսևորվի, և կողմերը գործեն բարեխղճորեն, կարելի է ընդհանուր եզրեր գտնել համաձայնության հասնելու համար։ Վերջին շրջանում մենք ակտիվացրել ենք մեր ջանքերն այս ուղղությամբ», — ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է խաղաղարար նախաձեռնությունները։
«Ինչպես ի սկզբանե նշում էր մեր նախագահը, նույնիսկ ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը։ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղության համար», — հայտարարել է Ֆիդանը։





























