Մոսկվան պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ կապերի գույքագրման շրջանակում։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին հարցին։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ այս ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ավանդական համագործակցությունը, ինչպես նաև «ընդհանուր մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը», համապատասխանում են երկու երկրների շահերին։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կրող տարրերից մեկն է։ Առավել ևս, որ այս պահին որևէ շոշափելի այլընտրանք պարզապես չի երևում։
Ռուսական զորախմբի ներկայությունը Հայաստանում կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով, և մենք մտադիր ենք դրանք պահպանել ու ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանն էլ նույնպիսի մոտեցում ունի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։




























