Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Օստանկինոյի դատարանում սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի նկատմամբ քրեական գործի ըստ էության քննությունը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների ապօրինի փոխանցման և հանցավոր եկամուտների օրինականացման մեջ։

Առկա տվյալներով՝ նրանք երկուսն էլ Հայաստանում են, ուստի դատավարությունն անցկացվում է հեռակա կարգով։

Ղազարյանի և Սարուխանյանի նկատմամբ քրեական գործը Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել էր 2019 թվականի ապրիլին։ Քննության վարկածով՝ 2015–2018 թվականներին գործարարները Ռուսաստան մրգաբանջարեղենի մատակարարման պայմանագրերն օգտագործել են արտերկիր շուրջ 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու համար։

Քննությունը պնդում է, որ Ռուսաստան փաստացի ներմուծված բանջարեղենի և մրգերի ծավալը կազմել է կնքված պայմանագրերի արժեքի ընդամենը մոտ 2%-ը։ Միաժամանակ, ինչպես պնդում են իրավապահները, այդ գործարքներից հարկեր չեն վճարվել։

Քննության տվյալներով՝ Ռուսաստանից դուրս բերված գումարներն այնուհետև, իբր, ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում։ Այդ գործարքները որակվել են որպես հանցավոր եկամուտների օրինականացում։

Մեղադրյալների գործողությունները որակվել են ՌԴ քրեական օրենսգրքի 199, 193.1 և 174.1 հոդվածներով։