Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին սպասարկող Toyota մակնիշի ավտոմեքենան իրոք վթարի է ենթարկվել: Տեղեկությունն այս մասին հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ վթարի հետեւանքով ոստիկանապետի 001 ՈՍ 01 համարանիշի մեքենան աննշան վնասվածք է ստացել` քերծվել է, որը  հնարավոր կլինի հարթել «պոլիշի» միջոցով:

NEWS.am-ը հայտնել էր, որ վթարից հետո ոստիկանապետի մեքենան երկար ժամանակ սպասել է ավտոապահովագրական ընկերության գործակալներին, սակայն նրանք ժամանել են 40 րոպե հետո միայն: Ահարոնյանը նշեց, որ ոստիկանապետի ավտոմեքենան ապահովագրված է «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունում: Իսկ այդ մեքենային հարվածած BMW X5-ը ապահովագրված է եղել «Կասկադ ինշուրանսում», որն էլ պետք  է փոխհատուցի վնասը: Ավելի ուշ «Կասկադ ինշուրանս»-ի ներկայացուցիչ Հասմիկ Օլսոնը զանգահարել է  NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ իրենք ահազանգն ստանալուց 17 րոպե անց տեղում են եղել եւ ներկայումս այդ գործը կարգավորվում է:

Հիշեցնենք, որ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում երեկ` ապրիլի 18-ին, ժամը 17-ի սահմաններում իրար են բախվել BMW X5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները անմիջապես հանել էին Toyota-ի համարանիշները:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի