Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից դեպի կենտրոն երթեւեկության լարվածությունը թեթեւացնելու նպատակով արդեն երկրորդ օրն է, ինչ  Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքը  սկսվում է կես ժամ շուտ` 08:30-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ըստ նախնական ուսումնասիրության, նշված հաստատություններ հաճախող երեխաների  37 տոկոսն օգտվում են հասարակական տրանսպորտից:  

Տրանսպորտի վարչության տվյալներով, մայրաքաղաքի  ծանրաբեռնված փողոցներում դիտարկվել է տրանսպորտային հոսքերի  որոշակի թեթեւացում  պիկային համարվող ժամային գրաֆիկում:   

Ժամի փոփոխության հետ կապված այս ընթացքում  քաղաքապետարանի աշխատակազմի թեժ գծով հնչել են եւ շնորհակալություններ, եւ դժգոհություններ:

Բողոքները պատճառաբանվում են երեխաների քնից դժվար արթնանալու հանգամանքով, ինչպես նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների  եւ ծնողների աշխատանքի ժամերի անհամապատասխանությամբ :  

Այժմ քաղաքապետարանում քննարկվում է մանկապարտեզներում աշխատանքային ժամը երկարաձգելու հնարավոր տարբերակ: Ինչ վերաբերում է երեխաների քնից դժվար արթնանալուն, ապա, ըստ մանկական հոգեբանների, ընդամենը հարմարվելու հարց է:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոնի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները Facebook-ում խումբ են ստեղծել «Թողեք քնենք» անվանումով եւ ստորագրահավաք են սկսել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ: Խոսքը վերաբերում է Երեւանի կենտրոնում խցանումներից խուսափելու համար մանկապարտեզների աշխատանքը մեկ ժամ շուտ` ժամը 8:30-ին սկսելու որոշմանը: