Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Հայաստանը չունի եւ չի ունենալու ավելի լավ տարբերակ, քան 1997 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` BBC-ին տված հարցազրույցի ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հատվածին:
Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանն այդ հարցազրույցում նոր խոսք չի ասել, ընդամենն արձանագրել է 1997 թվականին եղած իրավիճակը:
ՀԱԿ ներկայացուցիչն անդրադարձավ իշխանական որոշ գործիչների այն գնահատականներին, թե Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ԼՂ հարցում նախկինի պես պարտվողական է: «Եթե այդ մարդիկ լավ հիշողույթուն ունեն, ապա թող հիշեն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որ 1999 նոյեմբերին Ստամբուլում ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խարտիան, ինչից հետո եղան խնդրի կարգավորման ավելի վատ տարբերակներ, որոնցից վերջինը Մադրիդյան սկբունքներն են: Դրանց հիմքում, որոնց իր համաձայնությունն է տվել նաեւ Սերժ Սարգսյանը, ազատագրված տարածքների հանձնում է, որն ավելի վատ տարբերակ է, քան 1997-ին առաջարկվածը: Այնպես որ, իշխանական գործիչները թող խոսեն այսօրվա խայտառակ վիճակի մասին, որին հասցրել են Քոչարյանն ու Սարգսյանը»,-նկատեց Հովհաննիսյանը:
Նա նաեւ հավելեց, որ 1997 թվականին որպես բանակցային կողմ հանդես էր գալիս նաեւ Լեռնային Ղարաբաղը, որը նաեւ վետոյի իրավունք ուներ, որը կարղ էր կիրառել ցանկացած փաստաթղթի ընդունման դեպքում: Իսկ ներկայումս, ըստ Հովհաննիսյանի, Ղարաբաղը ոչ միայն բանակցային գործընթացից է դուրս է թողնվել, այլեւ ոչ մի իրավասություն չունի ազդել խնդրի կարգավորման վրա: «Այ այս մասին է, որ պետք է մտածեն եւ մտահոգվեն իշխանական գործիչները»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը BBC-ի ռուսական ծառայությանը օրերս տված հարցազրույցում նշել էր, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997թ., քանի որ հնարավորություն կար լուծելու այն, որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:





























