«Նարեկացի» արվեստի միությունում ապրիլի 21-ին տեղի կունենա «Մայրիկ» տեսահոլովակի պրեմիերան, որտեղ փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրի վրա:

Տեսահոլովակը նկարահանվել է Արեւմտյան Հայաստանում եւ Փարիզում` «Էֆ Էմ Էս Մեդիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնած «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» նախագծի շրջանակներում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Էֆ Էմ Էս Մեդիա» ՀԿ-ի նախագահ Դավիթ Սարգսյանը, տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել է ավելի քան 20 հոգանոց թիմ:

«Մայրիկ» տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն սկսվել են 2010թ.-ին: Ընտրվել է ժամանակակից երաժշտական ժանրում գործիքավորված հայկական միջնադարյան «Ուր ես, մայր իմ» հոգեւոր երգը` հայ երգչուհի Ռոզիի կատարմամբ, որին լրացնում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի ֆրանսերեն թարգմանությամբ ասերգը` ֆրանսիացի երգիչներ Ջիֆայի եւ Դեվոնի կատարմամբ: Տեսահոլովակի պատրաստմանը մասնակցել են ավելի քան 20 արհեստավարժ մասնագետներ Եվրոպայից եւ Հայաստանից: Տեսահոլովակի սցենարիստը եւ ռեժիսորը ֆրանսիացի Ստեֆան Զինբերգն է, օպերատորը` պորտուգալացի Ռաուլ Ֆերնանդեսը:

Դավիթ Սարգսյանի խոսքով`տեսահոլովակի պրեմիերային ներկա կլինեն քաղաքական, հասարակական գործիչներ, բիզնեսմեններ, մտավորականներ, արվեստագետներ:

Նշենք, որ «Էֆ Էմ Էս Մեդիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնած «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» նախագծի շրջանակներում նախատեսվում է այլ երաժշտական տեսահոլովակների (մինի ֆիլմեր) պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը շոշափելու է համահայկական նշանակություն ունեցող կոնկրետ հիմնահարց (փակ սահմաններ, ցեղասպանություն, արցախյան հիմնահարց, շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն): Նախագծի նպատակն է նոր ձեւաչափով ներկայացնել հայկական հիմնահարցերը համաշխարհային լսարանում, ինչպես նաեւ շոշափել համամարդկային հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներ` հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ: