Այո, դրական սպասումներ կան, բայց եկե՛ք, դրական սպասումներն ի սկզբանե չկոտրենք, որովհետեւ կան ոլորտներ, եւ կան քաղաքականության առանձին ուղղություններ, որտեղ իշխանությունը սկսում է ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ առանց վերջնական արդյունքներն ամփոփելու։ Այս մասին «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով պնդմանը, որ համակարգային կոռուցիա չկա, նա ասաց. «Ժողովո՛ւրդ, մի քիչ շատ եք գերագնահատում, սպասեք արդյունքներն ունենանք, նոր խոսենք։ Եթե գնումների մեջ ծանոթ-բարեկամ-ընկեր ինստիտուտը շարունակում է գործել, եթե խոշոր պետական գնումների մեծ մասը մրցութային կարգով չի տրվում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը շարունակում է մեղադրվել կոռուպցիայի մեջ, ապա մի քիչ մեծ չե՞նք խոսում: Թողեք՝ արդյունքները լինեն, նոր խոսենք»:
Մինասյանի պնդմամբ՝ կոռուպցիայի վերացման մասին խոսելն առաջին հերթին հասարակությունն իր մաշկի վրա պետք է զգա։
Տնտեսագետը խոսեց նաեւ դատական համակարգի վրա ճնշումների մասին՝ նշելով, որ ներդրումների պաշտպանության տեսակետից նման քաղաքականությունը բացասական է. «Պատկերացրեք, երկիր, որի իշխանությունն իր դատական համակարգի վրա կարող է տոտալ ճնշում գործադրել. սա ներդրողների համար բացասական ազդակ է։ Նշանակում է՝ ներդրողը պետք է հույսը կապի այն չինովնիկից, այն քաղաքական ղեկավարից, որը կարող է դատավոր փոխել, կարող մուննաթ գալ դատավորի վրա, կարող է դատավորին պարտավորեցնել: Սա ներդրումների տեսակետից բացասական է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։




























